Նիկոլը հայտարարեց՝ հայկական հողը թուրքին տալու որոշումն ինքն է կայացրել․ Գեղամ Մանուկյան

«Կառավարության անդամները վարչապետի աթոռը զբաղեցնողի գլխավորությամբ ՀՀ տարածքում թույլ են տվել տեղադրել թշնամական մաքսակետ, պահակակետ»,- կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Սյունիքում՝ Գորիս-Կապան մայրուղու վրա տեղադրված և  այսօր կեսգիշերից գործող ադրբեջանական սահմանային և մաքսային հսկողության կետերի խնդրին։

«Այսօր կառավարության նիստին ներկա ԱԽ իբր թե քարտուղարը երեկ հպարտանում էր, որ 15 տարվա մեջ Սյունիքը շրջանցող ամենալավ ճանապարհն են սարքել, միայն այսպես կարող են անել սրանք․ հայրենադավ, դավաճան, կապիտուլյանտ իշխանությունները։ Այսօր կառավարության նիստում նստած  ինչ-որ հարցեր են քննարկում, իրենց անվտանգության համար հարյուրավոր ոստիկաններ են բերել այստեղ, այսքան ոստիկան որ  Սյունիքի մայրուղու վրա կանգնած լիներ, որևէ մեկը չէր համարձակվի թշնամական մաքսակետ կառուցել։ Երեկվանից արդեն այս կապիտուլյանտ իշխանության լուռ համաձայնությամբ, ավելի ճիշտ՝ դավաճանական համագործակցությամբ, փոխադարձ համաձայնությամբ ՀՀ կարևորագույն մայրուղիներից մեկի՝ Սյունիքի Գորիս-Կապան մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխանություն։ Այս իշխանությունները դրանից չեն ամաչում, դրանից վատ չեն զգում, իրենք չունեն ամոթի զգացում, Նիկոլը չի՛ ամաչում․․․ Մի քանի օր առաջ պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին Փաշինյանն առաջին անգամ ընդունեց, որ Սյունիքում ՀՀ Զինված ուժերի հետքաշման և ՀՀ սուվերեն տարածքը թուրքին հանձնելու որոշումն ինքն է կայացրել։ Նիկոլն օրը ցերեկով, պարզ, ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ հայկական հողը թուրքին տալու որոշումն ինքն է կայացրել․․․»։

Մանուկյանն ընդգծեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է պատասխան պահանջել այն դավաճանական գործողությունների համար, որի հետևանքով Հայաստանի հարավն այսօր կտրվել է մնացյալ ամբողջ երկրից․

«Շրջափակման մեջ են մնացել Սյունիքի մի շարք գյուղեր, իսկ իրենք շարունակում են հպարտանալ, թե խաղաղություն են բերել։ Նրանք բերել են ստրկությո՛ւն, նրանք բերել են պարտությո՛ւն, նրանք բերել են նվաստացո՛ւմ․․․»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Ադրբեջանը գիշերը 24:00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային և մաքսային հսկողության կետեր:

ԱԽՔ-ը նաև հայտնել էր, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։

«Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք, բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս, կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է՝ ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ՝ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է»,- ասել էր Գրիգորյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930