Բարձր պաշտոնյաների համար թեստավորման և պատվաստման հարցում բացառություն չպետք է նախատեսվի. Արման Թաթոյան
«Մենք Առողջապահության նախարարության հետ համագործակցում ենք, նաև միջազգային փորձի ուսումնասիրություն ենք արել, փոխանցել եմ առողջապահության նախարարին, որ օգնենք մեր գործընկերներին»,- այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի այն հարցին, թե արդյոք խտրական վերաբերմունք չի՞ դրսևորվում, երբ առողջապահության նախարարի` պարտադիր թեստավորման կամ պատվաստվելու հրամանը չի վերաբերում որոշակի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում և՝ ՄԻՊ-ին։
ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով` իրականում օրենքի այս նախագծով նախատեսված փոփոխություններն ինքը համարում է սխալ։
«Կարծում եմ` դա խաթարում է օրենքի իրավաչափ նպատակը։ Եթե նպատակը հանրային առողջությունը պաշտպանելն է, մարդկանց ինչպե՞ս ենք բացատրելու այդ բացառությունները։ Մենք ունենք ավագանու անդամներ, ովքեր ավելի շատ են շփվում մարդկանց հետ, քան ինչ-որ գերատեսչության աշխատող, որն ուղղակի նստած է իր աշխատասենյակում»,- ասաց Արման Թաթոյանը։
Պաշտպանը նշեց, որ ինքը պատվաստված է։
«Ես չեմ ընդունում այն մոտեցումը` ինչպես այդ մարդկանց ենթարկել պատասխանատվության։ Այդ մարդիկ հանրային բարձր պաշտոնյաներ են, և նրանց վրա պետք է դրվի պատասխանատվություն՝ կատարել իրենց պարտավորությունը»,- ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։
ՄԻՊ-ը համարում է, որ հանրային պաշտոնյայի վրա հանրային պարսավանքի ուժով պետք է դրվի իր պարտավորությունները կատարելու պարտականությունը։
Մանրամասները` տեսանյութում