Մինչև օրս Փաշինյանը չի ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու. Աննա Գրիգորյան
«Եթե մանրամասն դիտարկում ենք բոլոր առանձին դրվագները, իսկապես հնարավոր չէր, որ այդ բոլոր դրվագներում կայացվեին հնարավոր ամենավատ որոշումները: Հետևաբար՝ այս համակցության մեջ կարելի է տեսնել, որ միտումնավոր կատարված քայլ է: Բայց եթե հետո էլ ավելացնենք, թե պատերազմական իրավիճակում ինչպիսի հռետորաբանությամբ է հանդես գալիս իշխանությունը, այն է՝ Արցախը մոռացության մատնելը, կարելի է ասել, որ, այո, նրանց թիվ 1 նպատակը մարդկանց ուղեղներից, գիտակցությունից Արցախը ջնջելն է, ճիշտ այնպես, ինչպես անում են, օրինակ, Շուշիի դեպքում»,- «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Աննա Գրիգորյանի խոսքով՝ պատերազմի ավարտից հետո Շուշիի վերաբերյալ հայտարարություններով փորձել են մարդկանց գիտակցության վրա ազդել, հասցնել «Շուշի էլ չկա» մտածելակերպին:
«Ամբիոնից գեթ մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել հստակ հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու: Մինչև այսօր չեն խոսում դեօկուպացիայի մասին: Այդ հարցերը չկան, հետևաբար՝ մեզ համար ակնհայտ է, որ այս իշխանությունները հստակ քաղաքականություն են տանում՝ Արցախը մեզանում մոռացության մատնելու: Եվ հետևաբար՝ այս համակցության մեջ, այո, պետք է ասել, որ հիմնականում միտումնավոր Արցախը և Հայաստանը պարտության մատնելու քաղաքականություն է տարվում, այդ թվում՝ նաև մարդկանց գիտակցության միջից Արցախը և Արցախի վերաբերյալ ամեն բան ջնջելը»,- նշեց ԱԺ պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում