Հայաստանի տարածքը ֆիքսվել է 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենքով և չի փոխվել. Նիկոլ Փաշինյան

«Ո՞ր սահմանն է ՀՀ-ն օգտագործում այս պահին՝ ֆիքսելու համար Հայաստանի պետական սահմանը»,- հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ընթացքում դիմելով հենց Նիկոլ Փաշինյանին:

ԱԺ ամբիոնին մոտեցավ Փաշինյանը ու նորից հիշեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, որը գրեթե մեկ տարի անընդմեջ Փաշինյանի բառապաշարում է:

«ՀՀ սահմանը չի փոխվել: Եվ ՀՀ-ն ելնում է այն նույն սահմանից, որ նկարագրված է 2010թ.-ի, այդ թվում՝ Ձեր քաղաքական ուժի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում, որտեղ նկարագրված է, թե Հայաստանը որտեղ է ավարտվում, և Ադրբեջանը որտեղ է սկսվում: Մենք էսօր ելնում ենք այդ իրողությունից, ինչը չի նշանակում, թե 100%-անոց ճշգրիտ է»,- ասաց Փաշինյանը՝ մի քանի անգամ կրկնելով՝ «չի փոխվել ՀՀ տարածքը», զինված ուժերն էլ առաջնորդվում են այդ տրամաբանությամբ:

Արձագանքը, որը լսեց Նիկոլ Փաշինյանը, հավանաբար այնքան էլ սպասելի չէր: իսկ մասնագիտությամբ իրավաբան պատգամավոր Արթուր Ղազինյանը կառավարության ղեկավարի հնչեցրած պատասխանի հատկապես որոշ ձևակերպումների վրա հրավիրեց իրավապահների ուշադրությունը:

«Ես ցանկանում եմ, որպեսզի իրավապահ մարմինները ուշադրությամբ արձանագրեն այս վերջին հայտարարությունը, որովհետև առերևույթ առկա է «Պետական սահմանի մասին» օրենքի դրույթների խախտում, ինչը հանգեցրել է Քրեական օրենսգրքի 300.2 հոդվածին՝ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ հոդվածի հատկանիշներով, որովհետև Վարչատարածքային բաժանման օրենքը չի կարող հիմք հանդիսանալ պետական սահմանը գծելու համար: Պետական սահմանը սահմանվում է Պետական սահմանի մասին օրենքով սահմանված ընթացակարգով, իսկ եթե չկա ճշգրտված սահման որևէ հարևան պետության հետ, պետության տարածք է հանդիսանում այն տարածքը, որի վրա գտնվում են ՀՀ զինված ուժերը, գտնվում է Հայաստանի ինքնիշխան տիրապետման տակ: Ուստի ցանկացած զիջում հնարավոր է միայն միջազգային ընթացակարգով ստորագրված, պատշաճ կարգով վավերացված միջազգային պայմանագրի հիմքով: Որևէ այլ փոփոխություն՝ կա՛մ կլինի պատերազմ, կա՛մ այլ մեխանիզմ»,- արձագանքելու ընթացքում ասաց պատգամավորը:

Պատգամավորի անակնկալ արձագանքին հետևեց Նիկոլ Փաշինյանի պատասխանը

«Հմմմ… հաջողություն եմ մաղթում Ձեզ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս