Մամուլում շրջանառված բովանդակությամբ որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ. Արարատ Միրզոյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց պարզաբանել մամուլում տարածված այն լուրերի մասին տեղեկությունները, որ նոյեմբերի 9-ին նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, որ Մոսկվայում նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում, որոնք վերաբերելու են դեմարկացիային և դելիմիտացիային, ինչպես նաև կոմունիկացիաներին:
Արարատ Միրզոյանը նախ հիշեցրեց այս հարցի վերաբերյալ ավելի վաղ արտաքին գերատեսչության տարածած հայտարարությունը, նշեց, որ մամուլում շրջանառվող բովանդակությամբ որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում:
«Նախ ուզում եմ ասել, որ այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ: Միևնույն ժամանակ՝ և՛ այս պահին, և՛ ընդհանրապես պարբերաբար, գրեթե մշտական բնույթով քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և, ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում:
Բայց նաև անդրադառնալով եղած հրապարակումներին՝ ուզում եմ ասել, որ այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում, անշուշտ, չի նախատեսվում: Նաև ուզում եմ ավելին ասել՝ այդ հանդիպումները մեզ համար բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն, նախևառաջ՝ ևս մեկ անգամ հնարավորություն կարող են ստեղծել հասցեագրելու հետպատերազմյան ողջ հումանիտար խնդիրների թնջուկը, ամբողջությունը և, իհարկե, առաջին հերթին՝ ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց հնարավոր շուտափույթ ազատ արձակումը, նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում Հայաստանի մշակութային ժառանգության, հուշարձանների հարցը և բազմաթիվ այլ հարցեր:
Ավելի լայն առումով այդ հանդիպումները մեր համար հնարավորություն է նաև թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում և արդեն փորձելու, ջանքեր գործադրելու ավելի երկարատև կայունություն և խաղաղություն ապահովելու ուղղությամբ: Սա է մեր, ինչպես նշեցի, մոտիվացիան՝ նման հանդիպումներին հաճախելու: Այդպիսի հանդիպումների առաջարկներ, կրկնում եմ, տարբեր ֆորմատներով կան: Այդպիսի հանդիպումների արդյունքում սովորաբար լինում են համաձայնեցված տեքստերի հրապարակումներ: Եվ նորից կրկնում եմ՝ այն, ինչ քննարկվել է մամուլում օրեր առաջ, համենայն դեպս ինձ հայտնի և, ենթադրում եմ՝ նույն բանը նկատի ունենք, բովանդակությամբ, որևէ այդպիսի բան նախատեսված չի»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Նախարարի հնչեցրած պատասխանին արձագանքելիս իշխանական պատգամավորը նշեց, թե մանդատ են ստացել դեմարկացիայի և դելիմիտացիայի համար, իսկ կոմունիկացիաների ապաշրջափակումն էլ այն է, ինչ տեղ է գրել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում: Սրան էլ հետևեց նախարարի պատասխանը նաև բանակցությունների գաղտնիությունը պահպանելու թեմաներով.
«Ընդհանրապես մեր բանակցությունները որոշակի գաղտնիության և աշխատանքային պայմաններից, անհրաժեշտությունից ելնելով՝ որոշակի գաղտնիության կոմպոնենտ ենթադրում են, բնականաբար, բայց ես ուզում եմ այժմ երեկվա, այսօրվա և վաղվա համար վստահեցնել, որ բոլոր էդ տեսակ փակ դռների ետևում վարվող բանակցություններում, քննարկումներում, խոսակցություններում մեր դիրքորոշումները 100%-ով համապատասխանում են մեր քաղաքական թիմի, ՀՀ վարչապետի և մյուսներիս կողմից հրապարակավ հայտնած դիրքորոշումներին, որևէ միլիմետր չեն նահանջում այդ դիրքորոշումներից և ըստ երևույթին ավել էլ չեն:
Բայց մի այլ հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել: Դուք կհիշեք, օրինակ, 2021թ. հունվարի 11-ի հանդիպումը, դրանից առաջ շահարկումները, դրանից հետո բազմաթիվ այդպիսի առիթներ եղան: Եվ ուղղակի ուզում եմ բոլորիս և նաև հայ հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ բազմաթիվ այդպիսի առումներով առիթների դեպքում ինչպիսի շահարկումներ են եղել, հետո ինչ է եղել, ինչ հայտարարություն կամ ինչ փաստաթուղթ՝ որոշ դեպքերում, և ինչքանով են այդ շահարկումները հետո համապատասխանել իրականում տեղ գտած ձևակերպումների հետ: Սա չափազանց կարևոր է»,- հավելեց Միրզոյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում