Թալիբները ողջունել են ահաբեկիչների ցուցակից իրենց բացառելու հնարավորության մասին Պուտինի խոսքը
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները ողջունում են ահաբեկիչների ցուցակից իրենց բացառելու հնարավորության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը: Այդ մասին հայտարարել է ժամանակավոր կառավարությունում Աֆղանստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Աբդուլ Քահար Բալխին:
«Աֆղանստանի իսլամական Էմիրության» (ԱԻԷ) արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները սեւ ցուցակից ԱԻԷ-ի ղեկավարների անունները բացառելու վերաբերյալ: Քանի որ պատերազմը մոտեցել է ավարտին, աշխարհի երկրները նույնպես պետք էդրական փոփոխություններ կատարեն Աֆղանստանի նկատմամբ իրենց մոտեցումների հարցում: Մենք ձգտում ենք միջազգային հանրակցության հետ դրական հարաբերությունների՝ փոխադարձ սկզբունքների հիման վրա»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Հոկտեմբերի 21-ին «Վալդայ» միջազգային ակումբի նիստում Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից «Թալիբան»-ին բացառելու հնարավորությունը: Սակայն ՌԴ նախագահն ընդգծել է, որ որոշումն սկզբում պետք է ընդունվի ՄԱԿ-ի մակարդակով, եւ նշել է, որ այժմ ամեն բան կախված է այն բանից, թե Աֆղանստանում արդյոք իրադրությունը կզարգանա դրական հունով: Դրանից մեկ օր առաջ Ռուսաստանի մայրաքաղաքում Աֆղանստանին նվիրված հանդիպում է անցկացվել «մոսկովյան ձեւաչափով»: Ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ մասնակիցները համատեղ հայտարարության մեջ նշել են, մասնավորապես, Աֆղանստանի նոր իշխանությունների հետ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ անկախ միջազգային ասպարեզում թալիբների կարգավիճակից:
Օգոստոսին Աֆղանստանում թալիբներն իշխանության եկան ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի զորքերը երկրից դուրս բերելու ֆոնին. որոնք այնտեղ են գտնվել 20 տարի: Նոր իշխանության ներկայացուցիչները հայտարարել են ներառական կառավարություն ձեւավորելու մտադրության, ահաբեկչության եւ թմրառեւտրի դեմ պայքարի եւ տարածաշրջանի երկրների համար Աֆղանստանի կողմից սպառնալիքի բացակայության մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: