Ի՞նչ գնով եք դուք հասել այդ ցուցանիշներին
Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ա․Ավանեսյանը հպարտորեն հայտարարում է, որ հոկտեմբերի 22-ի դրությամբ Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների, բուժհաստատությունների և Քովիդ կլինիկաների թվով 16034 աշխատողների 88%-ը պատվաստվել են։
Ա․Ավանեսյանին ենք ուղղում մի շարք հարցեր, հասկանալու համար այն գինը, որը վճարել են բուժաշխատողները նշված ցուցանիշն ապահովելու համար․
Արդյո՞ք այդ միջոցառմամբ դուք կանխել եք Քովիդից մահվան դեպքերը, որոնք ամեն օր շահարկում եք։
Արդյո՞ք բուժաշխատողների մեծ մասն արդեն իսկ չէր հիվանդացել Քովիդով և ձեռք բերել բնական իմունիտետ, որին դուք՝ ձեր վարչահրամայական մեթոդներով, անհարկի միջամտել եք։
Արդյո՞ք կառավարության հոկտեմբերի 7-ի նիստին ձեր վերադասի կողմից արված կտրուկ դիտողություններից հետո դուք չեք հրահանգել ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների տնօրեններին ամեն գնով ապահովել բուժաշխատողների պատվաստման 90% ծածկույթ, այլապես նրանք ստիպված կլինեին ազատման դիմումներ գրել։
Արդյո՞ք ձեր հրահանգով այդ նույն բուժհիմնարկների տնօրենները միջին և կրտսեր բուժանձնակազմի առաջ պահանջ չեն դրել կա՛մ պատվաստվել, կա՛մ աշխատանքից ազատման դիմումներ գրել։
Այս հարցերի պարզաբանումը լույս կսփռի, թե ի՞նչ գնով եք դուք կորզել այդ ցուցանիշը՝ անտեսելով անգամ մարդկանց վերջին շաբաթներին հիվանդությունից բուժված լինելու հանգամանքը։
Վերջին հարցը բուժաշխատողներին․
Դեռ որքա՞ն եք դուք հանդուրժելու սպիտակ խալաթը անարգող այս մարդատյաց համակարգի ծաղրուծանակին։
Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնություն