Կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանություններն ընդամենն ապիկար են, կոռուպցիոներ չեն. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց, որը պետք է ուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և ՀՀ պետական բյուջե փոխանցած միջոցների օգտագործումը, փոխանցման օրինականությունն ու առհասարակ ծախսված գումարի արդյունավետությունը:
«Ըստ մամուլում շրջանառվող նորությունների՝ կասկած և հիմնավոր կասկած կար, որ թե՛ բուն հիմնադրամի ծախսային հատվածը, և թե՛ առավել ևս պետական բյուջե կատարած փոխանցումն անհասկանալի է, և խիստ կասկածելի պայմաններում և նպատակներով՝ իրականացվել է չարաշահումներով: Մամուլում եղան նորություններ, ըստ որոնց՝ իրականացվել են ֆիկտիվ, նոր գրանցված ՍՊԸ-ներով կանխիկացումներ, գնումների մեծ մասն իրականացվել է՝ շրջանցելով նորմալ, սովորական ընթացակարգը: Ավելին, շրջանցելով Պաշտպանության նախարարությունը, իսկ գնումների՝ որոշ պարագաներում՝ թե՛ գնման գինը, և թե՛ առհասարակ գնվող ապրանքատեսակի արդյունավետությունը մեծ կասկածներ էր առաջացնում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը պարտավորվել է իրականացնել աուդիտ և ներկայացնել աուդիտի տվյալները, արդյունքները հանրությանը: Այդ աուդիտի արդյունքները հիմնադրամի կայքում չեն եղել, իսկ իմ գրավոր հարցմանը հիմնադրամը պատասխանեց, որ այդ արդյունքները պիտի հաստատվեն Հոգաբարձուների խորհրդի կողմում և նոր հրապարակվեն»,- այսօր ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Ըստ Մամիջանյանի՝ փաստը, որ աուդիտ իրականացնող կազմակերպությունը տեղական կազմակերպություն է, ևս որոշակի խնդիրներ է առաջացնում:
«Կարծում եմ՝ օդում կախված լուրերի հաստատման պարագայում ևս մեկ անգամ կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանություններն ընդամենն ապիկար են, կոռուպցիոներ չեն: Մենք պնդում ենք հակառակը, և վստահ եմ, որ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում դա ևս մեկ անգամ կապացուցվի»,- հավելեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 18-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Մհեր Գրիգորյանն ասել https://168.am/2021/10/22/1596157.html էր, որ «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերած գումարի մի մասը ծախսվել է, մյուս մասն էլ նվիրաբերվել է Կառավարությանը, որպեսզի ծախսերը ճիշտ կոնսոլիդացվեն: Նա նաև ասել էր, որ հիմնադրամն առաջիկայում մանրամասն հաշվետվություն կներկայացնի: Այս հայտարարությունը, որ հիմնադրամի գումարի մի մասը նվիրաբերվել է կառավարությանը՝ անակնկալ էր հանրության համար։ Կառավարությանը տրվել է գումարի մոտավորապես 60 տոկոսը՝ մոտ 105 մլն դոլար։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում