«Որպես Շուշիի քաղաքապետ, կարծում եմ, այսօր այդ ամենը կյանքի կոչելու համար խանգարող որևէ հանգամանք չկա». Շուշիի քաղաքապետ

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության Երևանի խորհուրդը նախաձեռնել է ստորագրահավաք՝ Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու համար: Ստորագրահավաքի մեկնարկը տրվել է Ավան վարչական շրջանի «Սուրբ ընտանիք» հուշարձանի մերձակայքից:

ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի խոսքով՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում մինչև կիրակի կիրականացվի ստորագրահավաքը։

«Ֆիքսված թիվ սահմանված չկա, թե ինչ քանակությամբ ստորագրությունների պարագայում է քաղաքապետարանը դիտարկում նման դիմումները, սակայն օրենքը պահանջում է նաև հանրային քննարկումներ իրականացնել, և այդ հանրային քննարկումները կիրականացվեն էլի բացօթյա, ազատ բոլորի համար, այգիներում, որպեսզի մեր համաքաղաքացիները կարողանան իրենց կարծիքը հայտնել առաջարկվող պահանջի նկատմամբ…

Մենք ուզում ենք այս խունտային ևս մեկ անգամ ցույց տալ, որ իրենք փոքրամասնություն են, իրենք չեն արտահայտում ժողովրդի իրական կարծիքը մեր հայրենիքի վերաբերյալ, որովհետև եթե իրենց համար հայրենիքի կորուստն իրենց պարագլխի պատճառով, իրենց պարագլխի ապիկար և որոշ դեպքերւոմ դավաճանական գործունեության պատճառով՝ նորմալ է, մեր համար դա նորմալ չէ, և դրա հետ հաշտվելու պլաններ մենք չունենք»,- ասել էր Հայկ Մամիջանյանը։

168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ ասաց, որ դրական է վերաբերվում նման նախաձեռնությանը։

«Որպես Շուշիի քաղաքապետ, կարծում եմ, այսօր այդ ամենը կյանքի կոչելու համար խանգարող որևէ հանգամանք չկա։ Երևանում Արցախի փողոց կա, լավ կլիներ, որ այս փողոցի շարունակությունն էլ անվանակոչեին Շուշիի փողոց, կլինի Արցախ-Շուշի։ Իհարկե, այդ նախաձեռնությունը պետք է կյանքի կոչվի, բայց ոչ թե նրա համար, որ մենք մոռանանք Շուշին ազատագրելու մասին, այլ որպեսզի ոգեշնչվենք ու ստույգ քայլերով հասնենք Շուշիի ազատագրմանը»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։

Միաժամանակ նշեց, որ երբ նայում է ՀՀ ներկայիս իշխանությունների քայլերին, մտահոգություններ ունի, որ որևէ դրական արդյունք նախաձեռնությունը չի տա։

«Իշխանությունը գնալով մոռանում է Արցախի մասին, մոռացության է տալիս, մանավանդ Շուշիի մասին, երբ կարծիք են հայտնում, թե «դժբախտ ու դժգույն» քաղաք էր, ինչպե՞ս կարող են ուշադրության կենտրոնում պահել։ Անձամբ ես առաջինն իմ ստորագրությունը կդնեմ այդ նախաձեռնության տակ, առաջին շարքերում կլինեմ»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս