Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չէր ներկայացրել
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Օրերս Գուգարքի բաժնի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման երկու դեպք բացահայտվեց:
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձորի բուսաբանական այգու տարածքից բենզասղոցի ձայն էին լսել, մոտեցել էին ու նկատել երկու քաղաքացու։ Պարզվել էր՝ նրանցից մեկը, որ Վանաձորի բնակիչ է, այգում բենզասղոցով կանգուն ծառ էր ապօրինի հատել։
36-ամյա տղամարդը հրավիրվեց ոստիկանության Գուգարքի բաժին։
Փայտանյութն ի պահ է հանձնվել այգու տնօրենին։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Բազումի բաժին։
Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները հայտնաբերեցին հոկտեմբերի 21-ի գիշերը։ Ոստիկանները շրջայցի ժամանակ Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձոր քաղաքի 37-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Իսուզու» մակնիշի մեքենան։
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ փայտանյութն ուղևորինն է՝ Եղեգնուտ գյուղի 21-ամյա մի բնակչի, որն օրեր առաջ գյուղի անտառում բենզասղոցով ապօրինի հատել էր հաճարենի, ուռենի ու բոխի։
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Կատարվում է մասնագիտական ստուգում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: