
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք

Արցախում հոկտեմբերի 22-ին կատարվել է 140 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք: Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքից են: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 124 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15 հազար 495 քաղաքացու հետազոտություն, որից 1594-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
«Անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը: Հոկտեմբերի 22-ին պատվաստվել է 17 քաղաքացի: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում»,- ասված է հաղորդագրությունում: