Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հույսը նախկիններն են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հույսն առաջիկա ընտրություններին նախկիններն են, բոլոր համայնքներում բանակցում են տեղական իշխանիկների, թաղային հեղինակությունների եւ, առհասարակ, հարգանք ու կապեր ունեցողների հետ եւ խնդրում են աջակցություն: Եվ չնայած Կապանի մասին ՔՊ-ում կատակում են, թե պարտությունը երաշխավորված է, սակայն ՔՊ թեկնածուն` Դավիթ Դանիելյանը, չի հանձնվում, նա մոբիլիզացրել է ուժերը:

Մեր տեղեկություններով, նրա օգտին հատկապես ակտիվ աշխատում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի որդին՝ Դավիթ Սիմոնյանը, որը ԲՀԿ-ի հունիսյան ցուցակում չորրորդն էր: Դավիթ Սիմոնյանը ողջ օրը Դանիելյանի շտաբում է, անընդհատ հանդիպումների ու տասովկաների մեջ:

Հիշեցնենք, որ Կապանում ՔՊ թեկնածուի մրցակիցը գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանն է:

Արդյո՞ք Դավիթ Սիմոնյանի աջակցությունը ՔՊ թեկնածուին կնշանակի, որ ԲՀԿ-ն էլ է աջակցում Դանիելյանին՝ հարցրինք ԲՀԿ-ական Արման Աբովյանին: Նա ասաց, որ տեղեկություն չունի Սիմոնյանի գործունեության մասին. «Կարծում եմ՝ մեկնաբանություն պետք է ստանաք այն անձից, ում մասին հարցը տվել եք: Ես վստահեցնում եմ, որ մենք այդ ամենի հետ կապ չունենք»: Դավիթ Սիմոնյանի եւ անգամ նրա հոր հետ կապվել չհաջողվեց»:

Տեսանյութեր

Լրահոս