
Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կթանկանան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում Երեւանում կսահմանվեն տեղական վճարների տեսակները եւ դրույքաչափերը. քաղաքապետարանն անփոփոխ կթողնի Երեւանում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը՝ բացառությամբ Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայության և թանգարանների մուտքի համար սահմանված վճարների:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար մեկ երեխայի հաշվով ամսական 25 հազար 700 դրամը սահմանել 28 հազար դրամ: Ըստ քաղաքաապետարանի՝ այն հիմնականում պայմանավորված է սննդի գների թանկացմամբ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թանգարաններում գործող սակագները եւս կբարձրանան, քանի որ դրանք 13 տարի փոփոխության չեն ենթարկվել։
Սա բացասական ազդեցություն է ունենում թանգարանների բնականոն գործունեության վրա՝ սեփական եկամուտների ձևավորման, մրցակցայնության, ինչպես նաև համայնքապատկան թանգարանների դիրքավորման առումով: Բացի այդ, գործող սակագինը չի արտացոլում առկա, ինչպես նաև տարիների ընթացքում առաջացած գնաճը, ինչը լրացուցիչ բեռ է առաջացնում պետական եւ համայնքային բյուջեի ծախսերում: Ասել է թե՝ համայնքապատկան թանգարանների տոմսերի սակագները, հնարավոր է, առաջիկայում բարձրանան»: