
Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի ականազերծման հումանիտար ստորաբաժանման զինծառայողները 2 հա տարածք են մաքրել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում՝ սահմանազատման գծի մոտակայքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ականազերծման աշխատանքների ժամանակ ռուս զինվորականները տարբեր մոտեցումներ են դրսևորում, այդ թվում՝ ձեռքով իրականացվող ականազերծումը , ականներ որոնող շների ներգրավումը, մեխանիկական համակարգերի կիրառումը, ինչպես նաև ականազերծման ռոբոտատեխնիկական համալիրների օգտագործումը:
Ինչպես հաղորդվում է, զինծառայողներն ամեն օր մարզում են ականի որոնումներ իրականացնող շներին՝ ծառայողական հմտությունների բարելավման նպատակով:
«Հումանիտար ականազերծման ստորաբաժանման սպառազինման կազմում ընդգրկված են պայթուցիկ սարքավորումների որոնման ժամանակակից համակարգեր, սակայն ո՛չ ինդուկցիոն ականորսիչը, որը ցույց է տալիս մետաղական պատյանով արկի գտնվելու վայրը, ո՛չ գծային տեղորոշիչը, որը հայտնաբերում է էլեկտրոնային պայթուցիչը, չեն կարող բացահայտել պայթուցիկ նյութի առկայությունը: Այստեղ հույսը հնարավոր է դնել միայն շան հոտառության վրա, քանի որ վարժեցված շունն ունակ է հայտնաբերել զինամթերքի մեջ առկա տրոտիլը, որը գտնվում է կես մետրից էլ խոր հողի մեջ»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռոման Կոգաևը: