Հեղափոխության վերջին արարը․ պետության վախճանը

Հայաստանի իշխանությունն արշավ է սկսել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ինստիտուտի դեմ՝ ի դեմս ՄԻՊ Արման Թաթոյանի։ Եթե նախկինում դա իրականացվում էր իշխանության հետ անուղղակիորեն աֆիլացված անձանց կամ կառույցների միջոցով, ապա հիմա իշխանությունն անցել է դիմահար հարձակման՝ այդ գործում ներգրավելով պետական գերատեսչություններ՝ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), Ազգային անվտանգության խորհուրդ (ԱԽՔ)։ ՀՀ ՄԻՊ-ի դեմ արշավի հարցում Հայաստանի իշխանական կառույցները գործում են սինքրոն․․․ Ադրբեջանի պետական կառույցների ու քարոզչամեքենայի հետ։

Այսինքն՝ ՀՀ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պետական կառույցները, թշնամի երկրի իշխանության հետ համահունչ պայքար են մղում այն կառույցի դեմ, որ զբաղված է նույն այդ թշնամի երկիր Ադրբեջանի ոտնձգություններից ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ ու այդ իրավունքների խախտումների մասին միջազգային հանրությանն իրազեկելով։

Պատահականությո՞ւն է։ Վստահաբար ո՛չ։ Դա, սակայն, ՄԻՊ-ի դեմ ՀՀ իշխանությունների գործողությունների միայն արտաքին շերտն է։ Թաթոյանի դեմ արշավն ունի նաև ներքին դրդապատճառներ։ 2018 թվականի իրադարձություններից հետո Հայաստանում հետևողականորեն կազմաքանդվել են պետական գրեթե բոլոր ինստիտուտները։ Այդ համատեքստում ՄԻՊ-ը մնացել է գրեթե միակ աշխատունակ ու արդյունավետ գործող կառույցը, որը փչացնում է կազմաքանդված պետական ու հանրային կառավարման համակարգի ամբողջական պատկերը։

Բայց ուշադրության է արժանի հատկապես ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն ձևակերպումը, թե Արման Թաթոյանը «հանդես է գալիս հակահեղափոխական հայտարարություններով»։ Ստացվում է, որ ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում ու առաջին հերթին՝ թշնամական պետության ոտնձգություններից, հակասում է Փաշինյանի և թիմակիցների հեղափոխությանը։

ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունն առաջին հերթին և առավելապես պետության ու պետականության պաշտպանություն է, հետևաբար, ըստ այս իշխանության տրամաբանության՝ Հայաստանի պետականության պաշտպանությունը հակահեղափոխականություն է։

Հասկանալով կամ ոչ՝ այս հայտարարությամբ իշխանությունը խոստովանում է, որ 2018 թվականի հեղափոխությունը հակապետական ակտ էր, որը շարունակվում է մինչև օրս։ Իսկ դա նշանակում է, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ գիտակցված կամ ոչ, իրենց հեղափոխության առաջնորդին՝ Նիկոլ Փաշինյանին, մեղադրել է ծանրագույն հանցագործության մեջ, և երբևէ Հայաստանի իրավական պետություն դառնալու դեպքում այդ հայտարարությունը պետք է ընդունվի՝ որպես հանցագործության մասին հաղորդում։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դեմ իրականացվող գործողություններն իշխանությունների՝ ընդդեմ պետության ու պետականության արշավի կարևորագույն բաղադրիչն են և հաջողության հասնելու դեպքում ևս մեկ քայլով մոտեցնելու են պետության վախճանը։

Նիկոլ Փաշինյանի ու նրա շրջապատի համար հեղափոխությունը վեր է ամեն ինչից, այդ թվում՝ պետությունից, մարդկային կյանքերից։ Նրա երբեմնի, իսկ գուցե նաև այսօրվա աջակից Սասուն Միքայելյանը մի անգամ հայտարարեց, որ հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան պատերազմում տարած հաղթանակը, կարճ ժամանակ հետո այդ հաղթանակը զրոյացվեց ու հազարավոր երիտասարդներ զոհաբերելով՝ Արցախը հանձնվեց։ Այսօր արդեն ԱԽՔ-ի շուրթերով այս իշխանությունը հայտարարում է՝ հեղափոխությունն ավելի կարևոր է, քան պետությունը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը զբաղված է այդ թեզն ապացուցելով, իսկ դա նշանակում է, որ հաջորդիվ հանձնվելու է պետությունը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս