Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիին «պրոֆեսիոնալ խաբեբա» է անվանել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանտում հացադուլ հայտարարած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անվանել է պրոֆեսիոնալ խաբեբա, որն իր գործողություններով միայն ցանկանում է իր հանդեպ ուշադրություն գրավել, գրում է sputnik-georgia.ru-ն:

«Սա դիմակահանդես է, վիրավորական գործողություն», – ասել է Ղարիբաշվիլին այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սաակաշվիլիի՝ ցուցարարների դեմ ուժ չկիրառելու վերաբերյալ կոչը՝ ուղղված ոստիկաններին:

«Նա փորձում է խաբել հասարակությանը և վիրավորել մեր բնակչությանը: Նա սովորական սիմուլյանտ է, պրոֆեսիոնալ խաբեբա, որը ցանկանում է, որ մենք բոլորս խոսենք իր սննդակարգի կամ հացադուլի մասին, սա ամոթալի իրավիճակ է: Եկեք ավարտենք այս ընտրությունները և սկսենք գործով զբաղվել», – ասել է Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հոկտեմբերի երեսուն նշանակված ընտրություններին:

Հիշեցնենք, որ Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ Միացյալ ազգային շարժումը, ենթադրաբար մի քանի օրից կներկայացնի մայրաքաղաքի ղեկավարության ստվերային կաբինետի անդամներին:

Ընդհանուր առմամբ, ընդդիմությունը ստիպված կլինի թեկնածուներ ընտրել 25 պաշտոնի համար: ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս պահին Թբիլիսիի շրջանի վարչակազմերի ղեկավարների պաշտոնների թեկնածուները համաձայնեցվում են:

«Ստվերային կաբինետում ներկայացված կլինեն բացարձակապես բոլոր այն կուսակցությունները, որոնք կիսում են այն կարծիքը, որ միայն միասնության միջոցով մենք կարող ենք վերջ դնել այս ռեժիմին, այնուհետև կառավարել այս քաղաքը, այնուհետև երկիրը՝ կոալիցիայի մեջ», – ասել է Միացյալ ազգային շարժման անդամ Բաչո Դոլիձեն:

Ստվերային կաբինետի ներկայացումը նախատեսված էր հոկտեմբերի 18-ին: Այս պահին իրատեսական ամսաթիվը համարվում է հոկտեմբերի 20-ը, այնուամենայնիվ, ներկայացումը կարող է հետաձգվել ևս մի քանի օրով:

Քաղաքապետերի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ 20 քաղաքներում և շրջաններում: Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն ՄԱՇ առաջնորդ Նիկա Մելիան և ներկայիս քաղաքապետ Կախա Կալաձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս