Բռնցքամարտիկները մեծ ախորժակով են մեկնում աշխարհի առաջնությանը. Կարեն Աղամալյան
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով, ընտրանու անդամները մեծ ախորժակով են մեկնում աշխարհի առաջնությանը:
«Տղաները լավ են նախապատրաստվել և լավ մարզավիճակում են: Իսկ մրցավայրում գերազանց մարզավիճակում կլինեն: Տղաները մեծ ախորժակով են մեկնում աշխարհի առաջնությանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը: Վերջինիս խոսքով` ամեն քաշային կարգում ընդգրկված են առաջատար բռնցքամարտիկներ:
«Աշխարհի այս առաջնությունում թեժ պայքար է լինելու` Օլիմպիական խաղերից ոչ պակաս»,- շեշտեց մասնագետը:
Հայաստանի հավաքական թիմը Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով. Սեյրան Եղիկյան (48 կգ քաշային կարգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Վահե Բադալյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63.5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Արման Դարչինյան (71 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և Դավիթ Չալոյան` գերծանր քաշային կարգում։
Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն 13 քաշային կարգերում: Հայաստանը ներկայացուցիչներ կունենա 11-ում: Աշխարհի առաջնությունն այս տարի բացառիկ է: ԱԻԲԱ-ի որոշմամբ աշխարհի չեմպիոնները կստանան 100 հազար ԱՄՆ դոլար, փոխչեմպիոնները` 50 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազար:
Առաջնությանը մասնակցում են 650 բռնցքամարտիկ աշխարհի 105 երկրից: