Ավելի լավ է, լսեք այն, ինչ որ ես եմ ձեզ ասում. Մհեր Գրիգորյան 

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ եռակողմ բանակցություններին և այդ աշխատանքներում Իրանի և Թուրքիայի կարծիքների հնարավոր ներգրավման մասին հարցին:

«Իրականության մեջ եթե մենք խոսում ենք ապաշրջափակման մասին և եթե հավատում ենք այդ գաղափարին, բնականաբար, դա տարածաշրջանային նշանակություն ունեցող մի երևույթ է, և մեր երկրի համար դա շատը կարևոր է, որովհետև տարածաշրջանային դերակատարությունը խաղաղության հիմնական երաշխիքներից մեկն է: Այդ իմաստով, իհարկե, տարածաշրջանային էֆեկտներ կան, և այլ երկրներ՝ Վրաստան, Իրան, առնչություն կունենան հետևանքների հետ, եթե մեզ հաջողվի ինչ-որ լուծումների գալ, բայց եռակողմ  հարթակում  քննարկումների ներգրավել որևէ այլ կողմ՝ ո՛չ, չկա նման ո՛չ ձևաչափ, ո՛չ պայմանավորվածություն, ո՛չ էլ փաստ»,- ասաց փոխնախարարը:

«3+3» ձևաչափի վերաբերյալ փոխվարչապետն ուղղորդեց մեկնաբանություններ լսել ԱԳՆ-ից:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանն ու Էրդողանը միմյանց մեսիջներ են ուղարկել տևական ժամանակ, սակայն վերջին երկու շաբաթը դադար է, Մհեր Գրիգորյանն ասաց.

«Եվ ի՞նչ եք ակնկալում, որ ես պատասխանեմ»:

Լլրագրողը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ, օրինակ, Էրդողանն առանց միջանցքի տրամադրման պատրաստ չէ տնտեսական որևէ համագործակցության:

Փոխվարչապետը պատասխանեց. «Ձեր պնդումը միջանցքի տրամադրման մասին տեղին չէ, որովհետև ես ասել եմ և կրկնում եմ՝ միջանցքի տրամադրման հարց ուղղակի չի քննարկվում, իսկ դուք շարունակում եք կրկնել և դրա շուրջ հարցեր ձևակերպել»:

Լրագրողների արձագանքներին էլ, թե թեև հայկական կողմը բազմիցս նշում է, որ այդ հարցը չի քննարկվում, սակայն Ադրբեջանը, Թուրքիան անընդմեջ դա են պնդում, նա նշեց.

«Ես ձեզ հասկանում եմ, բայց կարծում եմ՝ ավելի լավ է, լսեք այն, ինչ որ ես եմ ձեզ ասում»:

Տեսանյութեր

Լրահոս