Ո՞րն է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իր իսկ հրամանը չեղարկելու իրական պատճառը
Հոկտեմբերի 5-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հրաման էր ստորագրել, համաձայն որի՝ ԵՊՀ բոլոր աշխատակիցները, որոնք չեն ցանկանում պատվաստվել, յուրաքանչյուր ամիս՝ 15 օրը մեկ, կստանան 3000 դրամ փոխհատուցում ՊՇՌ թեստավորման համար: Այս մասին հաղորդագրություն էր տարածել Մայր բուհի մամուլի ծառայությունը:
Սակայն ընդամենը ժամեր անց Հովհաննիսյանը չեղարկել էր իր հրամանը: «Հրապարակ» օրաթերթը ներկայացրել էր այդ առնչությամբ վերջինիս պարզաբանումը․
«Հրամանի հրապարակումից հետո դրա կիրառման վերաբերյալ մենք բազմաթիվ հարցադրումներ ստացանք: ԵՊՀ-ն բավականին մեծ կառույց է, որն ունի շուրջ 2500 աշխատակից, հետևաբար՝ օբյեկտիվորեն հրամանով նախատեսված փաստաթղթերի հավաքագրումը, ապա փոխհատուցման կազմակերպումը ժամանակատար ու աշխատատար են: Բացի դրանից, մասնագետների պնդմամբ, փոխհատուցման ընթացակարգը հարկային որոշակի պարտավորություններ է ի հայտ բերում, քանի որ այն դիտարկվում է՝ իբրև եկամուտ: Կան նաև այլ դժվարություններ, որոնք, անկեղծ ասած, ի սկզբանե չէին գնահատվել: Հաշվի առնելով բոլոր հարցադրումներն ու ի հայտ եկած դժվարությունները՝ ես ուժը կորցրած եմ ճանաչել այս հրամանը՝ հնարավոր սխալներից, բացթողումներից և դժգոհություններից խուսափելու համար»,- ասել էր Հովհաննիսյանը։
168.am-ին, սակայն, Հովհաննես Հովհաննիսյանի կողմից իր իսկ կայացրած որոշումը չեղարկելու՝ բոլորովին այլ պատճառ է հայտնի դարձել: Եվ իսկապես, իր պարզաբանմամբ՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը լրջագույն կասկածի տակ է դնում կամ իր ղեկավարած կառույցի ֆինանսիստների, կամ իրավաբանների աշխատանքը, ովքեր ի սկզբանե, ըստ իրեն, նրան չեն տեղեկացրել այդ որոշման կատարման հետևանքների մասին, կամ էլ Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտոր դառնալու մոլուցքով տարված, որոշել է դուր գալ համալսարանականներին ու առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու՝ կայացրել է պոպուլիստական որոշում:
Բանից պարզվում է, սակայն, շան գլուխը բոլորովին այլ տեղում է թաղված: ԵՊՀ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հովհաննես Հովհաննիսյանի երկրորդ որոշման հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ցասումը:
Վերջինս ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին մեղադրել է հակապատվաստումային շարժում կազմակերպելու մեջ, սպառնացել, որ Նիկոլ Փաշինյանին կտեղեկացնի այդ մասին, կասի, որ Հովհաննես Հովհաննիսյանը խանգարում է ԵՊՀ աշխատակիցների պատվաստմանը:
Մեր տեղեկություններով՝ հենց այս «զրույցից» հետո է Հովհաննես Հովհաննիսյանը չեղարկել թեստավորման գումարի մի մասը փոխհատուցելու իր հրամանը: