«Այգի հասնելուց հետո թուրքին ավելի մոտ եմ լինում, քան խաղաղապահներին, այդ աստիճան թշնամին մոտ է». Բերդաշենի բնակիչ

Հոկտեմբերի 9-ին ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքում քաղաքացիական անձ էր զոհվել։ Քաղաքացին Մարտակերտի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց է եղել, երբ դիպուկահարը կրակել է նրա ուղղությամբ։

Թշնամու նման սադրիչ գործողությունների պայմաններում Արցախի տարբեր շրջաններում ինչպե՞ս են կարողանում իրականացնել բերքահավաք։

168.am-ի հետ զրույցում Բերդաշեն համայնքի բնակիչ Կամո Աղաջանյանը նշեց, որ Բերդաշենում վաղն են սկսելու նռան բերքահավաքը, հետևաբար՝ վաղը պարզ կլինի, թե թշնամին ինչպես է իրեն պահում, քանի որ գյուղի այգիներից 100-200 մետրի վրա է գտնվում։

«Մարտակերտում թշնամին խաղաղ քաղաքացու է խփել, այդ մարդը ո՛չ զինված էր, ո՛չ պատերազմում էր, իր դաշտում իր աշխատանքն էր կատարում, բայց խփեցին։ Վաղը ես գնալու եմ դաշտ՝ նռան առաջին բերքահավաքն իրականացնեմ, տեսնեմ՝ թշնամին իրեն ինչպես է պահելու։ Դաշտերը մեր գյուղից հեռու է»,- նշեց Կամո Աղաջանյանը՝ տեղեկացնելով, որ բերքահավաքը երկար կտևի։

Նրա փոխանցմամբ՝ թշնամին դրոշը դրել ու նստել է այգիների վերևում, ավելին՝ ամիսներ առաջ անընդհատ փորձում էր առաջ գալ ու պահանջել, որպեսզի այգիները զիջեն իրեն, այն դեպքում, երբ շատ վարելահողեր ու այգիներ է մնացել նրա հսկողության տակ։

«Դե, ռուս խաղաղապահների լիազորությունների մեջ չի մտնում, որ գան, կանգնեն այգու մոտ, մենք մեր բերքը հավաքենք։ Ամեն օր ես իրենց մոտով անցնում եմ, գալիս եմ այգի, ռուսներն արդեն հայերեն են սովորել, ամեն առավոտ ինձ բարի լույս են ասում, երեկոյան՝ բարի գիշեր։ Բայց դե, իրենք չեն կարող գալ, կանգնել այգու մոտ, ասեն՝ գնացեք բերքը հավաքեք։ Այգի հասնելուց հետո թուրքին ավելի մոտ եմ լինում, քան խաղաղապահներին, այդ աստիճան թշնամին մոտ է։ Այս տարի գարնանը, երբ ծառերն էինք էտում, մեր հարևանին, որի այգին շատ մոտ է թշնամուն, փորձել էին քաշել տանել, բայց չէին կարողացել, ուժեղ տղա է, մի բան էլ ինքն է թշնամուն քաշել, սրանք սկսել էին խառնվել։ Երկու դեպք եղել է, որ թշնամին փորձել է այնպես անի, իբր թե մենք իր սահմանը հատել ենք, բայց չենք հատել»,- հավելեց նա։

Միաժամանակ նա նշեց, որ գյուղը պատերազմից հետո վերադարձել է բնականոն կյանքի, փորձում են արարել ու ապրել։

«Մենք մեր մտքից մեկընդմիշտ հանել ենք Արցախը լքելը՝ թողնել ու գնալ չկա, մեր հողը մշակում ու ապրում ենք, այն հույսով, որ լավ կլինի, բայց դե այսքանից հետո ի՞նչ լավ։ Ժողովրդական մի առակ կա՝ մինչև թուրքին չծեծես, նա քեզ բարեկամ չի դառնա։ Նիկոլ Փաշինյանն ուզում է դրանց հետ բարեկամություն անի, դրանց հետ ի՞նչ բարեկամություն անես, երբ խաղաղ բնակչի են սպանում։ Հիմա Ադրբեջանի ամբողջ նպատակն այն է, որ նման ահ ու սարսափ տարածի Արցախում, որ մարդիկ լքեն Արցախը, գոնե սա մեր իշխանության գլուխը մտնի»,- եզրափակեց Կամո Աղաջանյանը։

Հիշեցնենք՝ 2020  թվականի նոյեմբերի 10-ին հրապարակվել էր ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվեց Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված էր` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև 2020 նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս