Գործատուն կկարողանա ընդհուպ ազատել աշխատակցին Covid-ի պատվաստման կամ թեստավորման փաստաթուղթ չներկայացնելու դեպքում. շրջանառվում է նոր նախագիծ
Հայաստանում շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, որի ընդունումը գործատուին հնարավորություն կտա աշխատողին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները և չվճարել, եթե աշխատակիցը չներկայացնի կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը, պատվաստման հավաստագիրը կամ բժշկի տեղեկանքը՝ պատվաստման հակացուցումների դեպքում:
Իսկ աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Նախագիծը e-draft.am շրջանառության մեջ է դրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Այսպիսով` նախագծով առաջարկվում է փոխել Աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածը, որով սահմանվում են աշխատանքի չթույլատրելու դեպքերը, ավելացնել նոր մասով՝ սահմանելով.
«Աշխատանքի ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը»:
Նոր կետով է լրացում է նաև օրենսգրքի 113-րդ հոդվածը, որով հստակեցվում է աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ: Ըստ նոր կետի՝ գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը՝ աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում:
Համապատասխան փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում նաև Հանրային ծառայության մասին օրենքում: Հանրային ծառայողների դեպքում էլ պահանջները նույնն են, ժամկետները՝ ևս:
Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ շեշտվում է, որ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ստեղծված արտակարգ իրավիճակը: «Նման իրավիճակի պահպանման պայմաններում, աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, ինչպես նաև այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերի աճ»,-նշվում է հիմնավորման մեջ ու ներկայացվում օգոստոս ամսի վիճակագրական պատկերը:
Միայն օգոստոսին գրանցվել է կորոնավիրուսի 10 997 դեպք, կատարվել է 173,150 թեստավորում, գրանցվել է մահվան 204 դեպք: