Բաժիններ՝

Թալիբները հաջող են համարել Դոհայում ԱՄՆ-ի հետ անցկացված բանակցությունները

«Թալիբան» իսլամական աֆղանական շարժումը հաջող է գնահատել հոկտեմբերի 10-ին Դոհայում ԱՄՆ-ի պատվիրակության հետ անցկացված բանակցությունները։

«Աֆղանստանի Իսլամական Էմիրության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջեւ երկօրյա երկխոսությունն անցել է հաջողությամբ: Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել են քաղաքական հարցեր: Դոհայի համաձայնագրի լրիվ կատարումը Իսլամական Էմիության կողմից դիտարկվել է որպես խնդրի լուծման լավագույն միջոց, ինչպես նաեւ հումանիտար օգնությունը չպետք է կապված լինի քաղաքական հարցերի հետ»,-ասվում է «Թալիբան»-ի հայտարարության մեջ:

Նշվում է որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները խոստացել են հումանիտար օգնություն ցուցաբերել աֆղանցիներին եւ պայմաններ տրամադրել մյուս հումանիտար կազմակերպությունների օգնությունը տեղ հասնելու համար: Թալիբներն իրենց հերթին ողջունել են նման որոշումը:

«Անհրաժեշտ է ջանքեր գործադրել դիվանագիտական հարաբերությունները մինչեւ լավագույն մակարդակ վերականգնելու համար»,-հետեւում է թալիբների հայտարարությունից:

Նշվում է, որ որոշվել է այդպիսի հանդիպումներ անցկացնել նաեւ ապագայում, «եթե պահանջվի»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել էր իր հայտարարությունը Դոհայի բանակցությունների արդյունքների շուրջ: Այնտեղ հանդիպումները բնութագրվել են որպես «անկեղծ եւ պրոֆեսիոնալ»: Միացյալ Նահանգներն ուշադրությունը կենտրոնացրել է Աֆղանստանում մարդու իրավունքների խնդրի վրա եւ կրկին ընդգծել, որ «Թալիբան»-ի ռեժիմի մասին կդատեն ըստ նրանց գործողությունների:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, «Թալիբան»-ը բանակցությունների ընթացքում Վաշինգտոնին նախազգուշացրել է, որ իրենց կառավարության ցանկացած թուլացում կարող է «խնդիրներ առաջացնել ժողովրդի համար»: Նաեւ թալիբները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ համագործակցել ԻՊ-ի ահաբեկիչներին զսպելու գործում, հայտարարելով, որ «ինքնուրույն» գլուխ կհանեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս