Վրաստանի պաշտպանական ուժերի թվակազմը 2022 թվականին չի գերազանցի 37.000-ը
Վրաստանի 2022 թվականի պետական բյուջեի նախագծի հետ միասին երկրի խորհրդարան է ներկայացվել որոշման նախագիծ «2022 թվականին Վրաստանի պաշտպանական ուժերի թվակազմի որոշման վերաբերյալ»։
Որոշման համաձայն, պաշտպանական ուժերի թվակազմը չի գերազանցի 37 հազարը: Այսպիսով, Վրաստանի բանակի անձնակազմի թվաքանակը մնում է անփոփոխ: Այդ սահմանափակումը չի տարածվում ռազմական դրության, պահեստայինների եւ Վրաստանի պաշտպանության նախարարության ժամանակավոր հաստիքային աշխատակիցների վրա: Այսօրվա դրությամբ, Վրաստանում զինվորական ծառայությունը բաժանվում է չորս կատեգորիաների՝ պարտադիր, պայմանագրային, կադրային եւ պահեստային:
Վրաստանում պարտադիր զինվորական ծառայության են զորակոչում երկրի 18-ից մինչեւ 27 տարեկան քաղաքացիներին: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամկետը 12 ամիս է: Վրաստանում զորակոչ են հայտարարում տարեկան երկու անգամ՝ աշնանը եւ գարնանը, հաղորդել է Sputnik-ը: