«Ձեր ղեկավարը խաղաղության դարաշրջան է բացում՝ չունենալով դրա մանդատը». Աղվան Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց ուղղեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, թե արդեն 48 օր ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար է, այս ընթացքում այցելել է Ռուսաստան, Իրան, ընդունել մի շարք պատվիրակությունների, ելույթներ է ունեցել։ Այնուհետև մեջբերելով ԱԳ պաշտոնական կայքից արտաքին քաղաքական ռազմավարության մի քանի նախադասություն, Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծումը։
«ԼՂՀ հիմնախնդրի լուծման հիմք պետք է հանդիսանա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Արցախը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավազորության տակ գտնվող անխափան ցամաքային կապ։ Արցախի անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի։ Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունն է»,- ավարտելով մեջբերումը՝ Աղվան Վարդանյանը նկատեց՝ այսօր խայտառակ պարտությունից հետո այլ վիճակում է երկիրը։
«Կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Ձեր ղեկավարի արտահայտած դիրքորոշումներն ակնհայտորեն հակասում են այս սկզբունքներին, նա այժմ տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» է բացում՝ դրա մանդատը չունենալով։ Բանակցություններում Դուք ո՞ր սկզբունքներով եք առաջնորդվում՝ Ձեր ղեկավարի՞, թե՞ արտաքին քաղաքականության գերակա հռչակված մոտեցումների։ Ո՞րն է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, ի՞նչ եք բանակցում Ձեր գործընկերների, միջազգային կառույցների ղեկավարների հետ»,- հետաքրքրվեց պատգամավորը։
Պատասխանելով հարցին, արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախ գնահատեց Աղվան Վարդանյանի տոնայնությունը, թե այդպես լավ է, ողջունում է, այնուհետև հավելեց, որ թե՛ ինքը, թե՛ կառավարության յուրաքանչյուր անդամ առաջնորդվում են Կառավարության ծրագրով, որը հաստատվել է խորհրդարանի դահլիճում։
«Անկեղծ ասած, ես հակասություն չեմ տեսնում և չեմ կարծում, որ Ձեր թվարկումների արդյունքում վերջնարդյունքը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում խաղաղ դարաշրջանի ապահովումը չէր։ 48 օր ես պաշտոնավարում եմ, բայց 23 տարի Դուք և Ձեր քաղաքական ուժը եղել եք ընդդիմություն, կամ իշխանություն ու ընդդիմություն, և չեմ հիշում, որ որևէ էական ու վերջնական լուծում տրված լինի այն շարքին, որը ներկայացրեցիք»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում