«Շուշիից հետո ի՞նչ է սպասվում Իջևան քաղաքին». Գեղամ Նազարյան
Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին՝ ընդգծելով, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի նա ներկայացնի, թե ինչ ծավալի ու քանի միլիարդի շինարարական աշխատանքներ են կատարվել Շուշիում 1992 թվականի մայիսի 8-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։
«Թող թվարկի, թե ինչ թանգարաններ, հուշարձաններ են կառուցվել մեր սիրելի Շուշիում։ Կարծում եմ՝ միաժամանակ կառավարության ներկայացուցիչը պետք է արձագանքի իջևանցիների անհանգստություններին։ Բանն այն է, որ լսելով Շուշիի հետ տեղի ունեցածի բացատրությունը, իջևանցիները միմյանց հարց են տալիս՝ եթե Շուշին, որ այդքան շենք ու շինություն, թանգարան, դպրոց, հուշարձաններ, եկեղեցիներ էր կառուցվել, հանձնվեց Ադրբեջանին, ապա ի՞նչ է սպասվում Իջևանին, որտեղ Շուշիի համեմատ՝ գրեթե ոչինչ չի կառուցվել»,- հարցն ամփոփեց Գեղամ Նազարյանը։
ԿԳՄՍ նախարարը մոտենալով ամբիոնին՝ համառոտ և մասնակի պատասխան տվեց:
«Թվերի հետ կապված՝ խնդրում եմ, գրավոր դիմեք, կտանք պատասխանը։ Իսկ ինչ է սպասվում Իջևանին, Իջևանին սպասվում է պայծառ ապագա»,- նշեց Վահրամ Դումանյանը։
Արձագանքելով՝ Գեղամ Նազարյանն ասաց՝ հասկանում է, որ հարցը ծավալուն է, որ պատասխանելու համար գրավոր հարցում է անհրաժեշտ, քանի որ Շուշիում այնքան աշխատանքներ են կատարվել, որ իսկապես գրավոր կներկայացնի։
«Բայց ես ուզում եմ, այստեղ ասեք, որպես նախարար, ձեր ոլորտն է, դուք տիրապետում եք, ուղղակի հանրությանը բանավոր ասեք, թե ինչեր էին կառուցվել Շուշիում»,- նշեց նա։
Պատասխանելով Գեղամ Նազարյանի հարցին՝ նախարար Վ. Դումանյանը նախ մի դիտարկում արեց, թե պատգամավորի հարցն իր բովանդակությամբ այլ բան էր։
«Ինչ վերաբերում է դժգույնին, ապա ես այդ տեսակետը չեմ կիսում, որևէ դժգույն ապագա չի սպասվում Հայաստանի որևէ քաղաքին, մասնավորապես՝ Ձեր կողմից անհանգստացած հարցադրման կոնկրետ բնակավայրի՝ Իջևանի մասով»,- եզրափակեց ԿԳՄՍ նախարարը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում