ԱՄՆ-ում գերձայնային հրթիռների արտադրական ձեռնարկություն է բացվել
ԱՄՆ-ի Ալաբամայի Քորթլենդ քաղաքում Air-launched Rapid Response Weapon (ARRW) ծրագրի շրջանակներում աշխատանքն է սկսել օդային բազավորման AGM-183A գերձայնային հրթիռների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի եւ բանակի համար գերձայնային համակարգերի արտադրական ձեռնարկությունը: Այդ մասին հաղորդել է Lockheed Martin ամերիկյան կորպորացիան:
Կորպորացիայի՝ ավելի քան 6000 քառակուսի մետր տարածությամբ ձեռնարկությունում, որն ստացել է Հրթիռների հավաքման շենք-4 (Missile Assembly Building 4-MAB 4) անվանումը, մինչեւ հաջորդ տարվա վերջը պլանավորվում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համար արտադրել առնվազն 12 օդային բազավորման առաջին AGM-183A գերձայնային հրթիռներ: Մինչդեռ այս հրթիռները դեռ ոչ մի հաջող փորձարկում չեն անցել: 2021 թվականին հրթիռի թեստային արձակման արդեն երկու փորձ է ձեռնարկվել B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչից՝ Կալիֆոռնիայի մերձակայքի Փոյինթ-Մուգու զինափորձարանի երկնքում, որոնք անհաջողությամբ են ավարտվել:
Առաջին դեպքում հրթիռը չի անջատվել ինքնաթիռից, իսկ երկրորդ դեպքում չի աշխատել նրա արագացուցիչը: Այդուամենայնիվ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարում են, որ բոլոր տեխնիկական խնդիրները շուտով կվերացվեն եւ մինչեւ հաջորդ տարվա վերջը ամերիկացի զինվորականները կստանան առաջին համակարգերը: Ինչպես հետեւում է Պենտագոնի տվյալներից, պլանավորվում է, որ արտադրությունն սկսելուց առաջ պետք է անցկացվի AGM-183A ARRW-ի երկու հաջող փորձարկում:
Հրթիռը մշակվում է Lockheed Martin ընկերության կողմից՝ Պենտագոնի հետ 480 միլիոն դոլար ընդհանուր գումարի պարտավորագրի շրջանակներում: Այն նախատեսված է ոչ միայն ռազմաօդային ուժերի, այլ նաեւ ԱՄՆ-ի նավատորմի մարտական նավերի սպառազինման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: