Տիգրանաշենի հանձնումը վտանգի տակ կդնի Երևանը

2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արարատի մարզում խաղաղ ապրելու մասին չի ստացվում անգամ խոսել, արարատցիների օրը սկսվում և ավարտվում է սահմանից, հատկապես Երասխի հատվածից եկող լուրերի քննարկմամբ: Քննարկումները հատկապես թեժ են լինում, երբ այդ օրը թշնամին կրկին սկսում է կրակել մեր դիրքերի ուղղությամբ։

Կրակոցների ձայները լսվում են ոչ միայն Երասխում, այլև հարակից գյուղերում, այդ թվում՝ Արարատ գյուղում:

«Պատերազմից հետո շատ փոփոխություններ են եղել մեր կյանքում: Մեծացել է վախի մթնոլորտը, սահմաններում անվտանգ չէ, և ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի հաջորդ վայրկյանին: Կապ չունի, որ պատերազմն ավարտվել է, մենք գրեթե ամեն օր զոհ ենք ունենում ՀՀ տարբեր կողմերում:

Մենք այժմ ապրում ենք Երևանում, քանի որ այնտեղ համեմատաբար ավելի ապահով է, իսկ Երասխում ամեն օր 18:30-ից հետո կրակոցներ են լսվում, բայց ոչ ոք տեղյակ չէ այդ ամենից: Շուտով պատրաստվում ենք դուրս գալ երկրից, որովհետև չենք տեսնում ապագա, չունենք լավ հույսեր կապված Հայաստանի հետ: Եվ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր երկրորդը պատրաստվում է հեռանալ երկրից, իսկ լավագույն դեպքում՝ մտածում է հեռանալու մասին,- պատմում է Երասխի բնակիչ Նարեն, ով պատերազմից մի քանի ամիս անց ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան,- Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Տիգրանաշենը պետք է հանձնվի Ադրբեջանին, ապա իմ կարծիքով՝ դա կլինի ամենասարսափելին, քանի որ ոչ միայն Երասխը, այլև Սուրենավանը, Զոդը, Արարատը, ընդհուպ Երևանը, անուղղակի կերպով կլինեն Ադրբեջանի հսկողության տակ, և կամաց-կամաց երկիրը կգնա թրքացման»:

Ըստ փորձագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանի՝ Տիգրանաշենի՝ Ադրբեջանին հանձնման դեպքում վերջինս ցամաքային կապ է պահանջելու Տիգրանաշենի հետ, ինչի հետևանքով մենք կունենանք առաջնագծի փոփոխություն, ռազմավարական բարձունքների զիջում, ինչն իր հերթին՝ բերելու է մոտակա գյուղերի հայաթափման, նորանոր անվտանգային խնդիրների, և այլն:

«Երասխը կարևոր ճանապարհային հանգույց է, պատրաստի ճանապարհ դեպի Տիգրանաշեն և ամենակարևորը՝ ուղիղ և անարգել ճանապարհ դեպի Երևան։

GPS-յան սահմանազատում և սահմանագծում իրականացնելու և Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածության պարագայում Երասխն ու մոտակա բնակավայրերը (Արմաշ, Սուրենավան, Պարույր Սևակ) պահել կարողանալու համար արդեն այս պահին առնվազն պիտի կահավորված և պաշտպանություն իրականացնելու համար պատրաստ առաջնագիծ ունենայինք, ինչն առ այսօր չկա։

Երասխ-Երևան ճանապարհին Երասխից հետո առաջին թիրախն Արմաշ գյուղն է, որը Երասխից հեռու է ընդամենը 2-2,5 կմ, այնուհետև՝ Սուրենավանը՝ մոտ 7 կմ, ապա՝ Արարատ գյուղն ու Արարատ քաղաքը»,- ասում է Աղաբաբյանը:

«Տիգրանաշենի հանձնումը նոր խոսակցություն չէ. 2019-ին մայրուղի են ասֆալտապատել, ու միակ հատվածը, որտեղ աշխատանք չեն կատարել, հենց Տիգրանաշենին հարակիցն է, ինչն առիթ է տալիս ենթադրել, որ գյուղը հանձնելու մտադրությունները եղել են 44-օրյա պատերազմից շատ ավելի վաղ»։

Մարիամ Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս