Առերևույթ հանցագործություն էր Փաշինյանի կոչը՝ զրահաբաճկոններ գտնելու և կամավորական ջոկատներ կազմելու մասին. Ռոբերտ Քոչարյան
44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի նախաբանում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ այս մեկ տարվա ընթացքում հանրության մոտ առաջացած հարցերին, որոնք, ըստ Քոչարյանի, չեն ստացել տրամաբանված և ողջամիտ պատասխաններ:
Հերթական հարցը, որին անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանը՝ «ինչո՞ւ ենք մենք պարտվել»-ն է:
«Պատերազմում են պետությունները, այլ ոչ թե բանակները: Սա ևս փաստ է: Պետությունն է մոբիլիզացնում ամբողջ հնարավորությունները՝ պատերազմում հաղթանակ կրելու համար: Հենց դա է հիմնական պատճառը, որ երկրի առաջին դեմքը պատերազմի ժամանակ դառնում է գլխավոր գերագույն հրամանատար, որ հնարավորություն ունենա մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսները՝ և՛ մարդկային, և՛ նյութական: Ըստ էության Հայաստանում դա չարվեց: Սա առաջին մեր ձախողման պատճառն է: Մոբիլիզացիան ձախողվեց: Ճիշտ հակառակը՝ բանակը համալրելու տեղը՝ սկսեցինք զբաղվել ջոկատների ձևավորմամբ: Անպատասխան մնացին Մովսես Հակոբյանի մեղադրանքները, հնչեցրած փաստերը, անպատասխան մնացին մի շարք այլ հանգամանքներ: Եվ իշխանությունն այսօր ամեն կերպ խուսափում է տվյալ՝ ոչ հաճելի, իրենց համար, հարցերին պարզաբանումներ տալու ուղղությամբ որևէ քայլ անել:
Դուք բոլորդ լսել եք այն հրապարակային ելույթը, որով կոչ էր արվում վարչապետի կողմից ձևավորել ջոկատներ, գտնել զրահաբաճկոններ… Սա ուղղակի ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանը այլևս ռեսուրսներ չունի, և Ադրբեջանը կարող է ավելացնել ճնշումը Հայաստանի վրա: Սա ուղղակի հանցագործություն է, առերևույթ հանցագործություն է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Ապա «Հայաստան» դաշինքի առաջնորդը անդրադարձավ հանրությանը հետաքրքրող մեկ այլ հարցի՝ ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին և հոկտեմբերի 19-ին:
«Այս հարցը միակն է, որի պատասխանը հնչեց, և պատասխանը հետևյալն է՝ «չենք կանգնեցրել, որ մեզ դավաճան չհամարեն»: Միակ հարցն է, որի վերաբերյալ հնչեց անկեղծ պատասխան: Ուրեմն սրանից բխում է հետևյալը: Բոլոր զոհված զինվորների ծնողները կարող են համարել, որ հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքը և պատասխանատվությունը այն մարդկանց վրա էին, այն մարդու վրա էին, որը կարող էր պատերազմը կանգնեցնել և չի արել, խուսափել է այդ ծանր, բայց պատասխանատու որոշումը կայացնելուց: Սա ևս փաստ է»,- ասաց Քոչարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում