«Հիշիր, որ և՛ դու, և՛ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի դաշտում, և թե՛ դիվանագիտության դաշտում». Սերժ Սարգսյանը՝ Ալիևին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից նախաձեռնված՝ «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» թեմայով խորհրդաժողովը:

Մինչ հանդիպման քննարկման մեկնարկը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի 44-օրյա պատերազմում հայրենիքի համար մարտնչած և հերոսաբար ընկած զինվորների հիշատակը, այնուհետև բացման խոսքով հանդես եկան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելը:

Սերժ Սարգսյանը նախ իր երախտագիտությունը հայտնեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին և Թոմաս Շրապելին՝ նախաձեռնությանը ցուցաբերած օժանդակության և ՀՀԿ-ի համար հուսալի գործընկեր հանդիսանալու համար և հաջողություն մաղթեց Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության քաղաքական կուսակցություններին՝ նոր կառավարություն ձևավորելու գործընթացում, ապա անդրադարձավ հետպատերազմյան Հայաստանի մարտահրավերներին.

«Երկու տարի առաջ կրկին հավաքվել էինք այստեղ՝ քննարկելու թե՛ կուսակցության հետագա անելիքները, և թե՛ երկրին պատուհասած «պոպուլիզմի վիրուսի» դեմ պայքարի միջոցները:

Եթե կուսակցական աշխատանքների մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել Հանրապետականի դիրքերը՝ որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող և ազգային շահերը հետևողականորեն պաշտպանող կարևոր դերակատարի, ապա երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները և ջանքերը, ցավոք սրտի, լուրջ արդյունքների չհանգեցրին, և մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և մեր երկու հանրապետությունների գլխին:

Հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես և մենք զգուշացնում էինք, չլուծեցին և ո՛չ մի խնդիր, ո՛չ մի ճգնաժամ՝ անվտանգությունից մինչև արժեհամակարգային, քաղաքականից մինչև արդարության ճգնաժամ:

Թեև Հանրապետականը ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավի ընթացքում բռնաճնշումներ և բազմաթիվ անօրինական քայլեր կատարեց, վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, այդուահանդերձ, ԱԺ-ում ներկայացված լինելը մեզ համար երբեք գերնպատակ չի եղել, ուստի՝ պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակելու պայքարը նաև և եթե անհրաժեշտություն լինի, բացառապես խորհրդարանից դուրս»:

Սերժ Սարգսյանը շեշտեց արդարության ճգնաժամի մասին, որը, ըստ նրա՝ թե՛ ներքաղաքական է, թե՛ տարածաշրջանային:

«Անարդար է, երբ պատերազմի մունետիկ ու պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության և աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել օրենքի շրջանակներում և չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած մեր ժողովրդի անեծքին:

Անարդար է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց և բազմահազար հայերի հայրենազրկվելուց հետո այժմ մեզ փորձում են թելադրել, այսպես ասած, խաղաղասիրական օրակարգ, անարդարությունից չի կարող ծնվել ո՛չ ներքին կայունություն, և ո՛չ էլ արտաքին խաղաղություն,- ասաց նա՝ այս համատեքստում անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, որոնք նվիրված էին թե՛ իրեն, թե՛ Հայաստանին,- Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձն իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում, իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Ալիևը իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև ՄԽ համանախագահները և նրանց երկրների ղեկավարները: Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ և դո՛ւ, և հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի դաշտում, և թե՛ դիվանագիտության դաշտում:

Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականի՝ դրսի ուժերի մեծ օժանդակությամբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը:

Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը և քանի դեռ արցախահայության անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է ամեն օր և ամեն ժամ»:

Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր արժանապատվության և իրավունքների մասին, չի մոռացել իր հազարամյա պատմության դառը դասերը, և հետևություններ կանի, քանի դեռ ուշ չէ:

Նա արձանագրեց, որ «պարտության և դավաճանության խարանն այլևս հավերժ կրող իշխանությունները» իրենց փորձում են ներկայացնել որպես պատերազմի հրձիգներ՝ հանրության շրջանում բորբոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր, ապա վստահեցրեց. «Մենք պատերազմի կուսակցություն չենք, մենք պատերազմ չենք ուզում, քանզի անցել ենք Արցախյան բոլոր պատերազմներով, քանզի ինքներս էինք պատրաստ և հիմա էլ պատրաստ ենք՝ ցանկացած զոհողության, այլ ոչ թե հիմար որոշումների և բորբոքված մեծամտության արդյունքում մարդկանց տանել մահվան բերան»:

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունից հետո հրամցվող խաղաղության նոր օրակարգին՝ նախագահը նկատեց. «Կապիտուլյանտները նոյեմբերի 10-ից ժողովրդին խաղաղությամբ են կերակրում, այնինչ այդ օրվանից մինչև այսօր մենք շարունակում են կորուստներ կրել՝ մարդկային, տարածքային, բարոյական, անվտանգային: Մենք դեմ ենք նոր պատերազմին. ջախջախված բանակով, մսխված սպառզինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ. մենք հո խելագար չե՞նք:

Մենք շեշտում ենք, որ նախ պետք է վերականգնենք մեր անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները, ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը: Ուստի մեր խնդիրն է՝ առավելագույն ջանքեր գործադրել և նպաստել երկրի ներսում և երկրի շուրջ արդարության վերականգնմանը և Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը»:

«Այսօրվա միջոցառումը նվիրված է մեր կուսակցության շարունակական տրասնֆորմացիայի խնդիրներին: Իր հիմնադրման առաջին իսկ օրվանից Հանրապետականի գործունեությունը համահունչ է եղել պետության առաջնահերթություններին. մենք մշտապես ծառայեցրել ենք մեր մտավոր, մարդկային և կազմակերպչական ներուժը՝ մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու: Նույն առաքելությունը մենք ունենք այսօր և պարտավոր ենք լինելու ավելի ուժեղ, ավելի արդիական և ավելի կազմակերպված»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս