Զանգեզուրի կոմբինատի 25 տոկոսի նվիրումը Կառավարությանը կապված է Սյունիքում առաջիկա զիջումների հետ. Լևոն Նազարյան

Իրանական «Քեյհան» օրաթերթի սեպտեմբերի 28-ի համարում հրապարակվել է Իրանում «Նուր» ռազմավարական ուսումնասիրությունների ուղեղային կենտրոնի ղեկավարի հոդվածը: Հեղինակը եղել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արտասահմանյան ռազմական գործողությունների զորքերի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մտերիմներից, իսկ հոդվածում անդրադարձել է Սյունիքի մարզի շուրջ ստեղծված իրավիճակին։

Հոդվածագիրը, մասնավորապես, գրել է, որ ՀՀ կառավարությունը և անձամբ Փաշինյանը միացել են ԱՄՆ-Թուրքիա նախագծին՝ հույս ունենալով, որ քաղաքական և տնտեսական օգուտներ կստանան, մինչդեռ սա դավաճանություն է երկրին:

«Փաշինյանի կառավարությունը, կառչելով ԱՄՆ-ի և Թուրքիայի խոստումներից առ այն, որ եթե Սյունիքի մարզը զիջի Ադրբեջանին, ապա կարող է խաղաղ և սերտ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի հետ՝ Սյունիքի փոխարեն ստանալով ԼՂՀ-ն, միացել է այս դավադիր ծրագրին՝ հույս ունենալով ամրապնդել սեփական իշխանությունը: Մինչդեռ այս աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական վնասը չի կարող փոխհատուցվել որևէ տնտեսական կամ քաղաքական խոստումով: Հայաստանը ստանում է Հյուսիսային Ղարաբաղի (ԼՂՀ-ի տարածքի 1/3 մասը) կայացման խոստում, մինչդեռ, երբ Սյունիքն ամրագրվի՝ որպես Ադրբեջանի Հանրապետության նահանգ, ապա Հյուսիսային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակումն անխուսափելի է լինելու, և Հայաստանը հեշտությամբ կորցնելու է հայաբնակ այս տարածքը, և ամբողջությամբ ու վերջնականապես շրջափակվելու է թշնամիներով»,- գրված է հոդվածում:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության անդամ Լևոն Նազարյանն անդրադարձավ իրանցի հոդվածագրի ներկայացրած զարգացումներին և նշեց, որ հետևելով մեր երկրի իշխանության վարած քաղաքականությանը՝ իրանցի հոդվածագրի նկարագրած զարգացումները համապատասխանում են իրականությանը, որովհետև Հայաստանը դառնում է տարբեր ուժային կենտրոնների բախման թատերաբեմ, որից ամեն մեկն իր կտորն է ցանկանալու պոկել։

«Այս տարածաշրջանում կուտակվել են հինգ պետությունների ռազմական ուժեր, իսկ Հայաստանը չունի այնպիսի ռազմաքաղաքական ղեկավարություն, որը կարողանա դիմադրել։ Ստեղծված պարագայում մենք անընդհատ ստիպված ենք լինելու զիջել: Այս իշխանությունը որդեգրել է տարածքներ՝ իշխանության դիմաց գործելաոճը, դրան գումարած՝ սպասում է թուրքական շաբաշներին։ Ավելի ակնառու է դառնում, որ եղել են պայմանավորվածություններ Մեղրիի շուրջ, իսկ դա անթույատրելի է համարում մեր փոխարեն Իրանը, որովհետև Մեղրիի հանձնումը նախ լինելու է Հայաստանի վերջը, իսկ Իրանի համար լրջագույն այլ խնդիրներ է ստեղծելու»,- ասաց Նազարյանը։

Ըստ մեր զրուցակցի, թեև Հայաստանի իշխանությունը դիմում է բառախաղի՝ կրկնելով, որ միջանցքային տրամաբանություն չի քննարկվում, սակայն, եթե ճանապարհ է տրվում Ադրբեջանին՝ Սյունիքով, որի վերահսկողությունը Հայաստանինը չէ, դա արդեն նշանակում է Սյունիքի միջանցքի հանձնում և Սյունիքի անեքսիա։

«Իրանական կողմը շատ հետաքրքիր վերլուծությամբ այս պատկերն է ներկայացրել։ Նրանց համար էլ ակնհայտ է դառնում, որ կա պայմանավորվածություն՝ հանձնելու Սյունիքը։ Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ եթե պատերազմը մի փոքր ավելի շատ երկարեր, արդյո՞ք Ադրբեջանը չէր հարվածելու Սյունիքին։ Ապացուցված է տեսակետը, որ այս 44-օրյա պատերազմը միայն Արցախի համար չէ, ուղղություններից մյուսը Սյունիքն էր։ Դա դեռ պարզ էր 2016 թվականից, երբ պատերազմի ընթացքում խոցված ուղղաթիռից հայտնաբերվեց քարտեզ, որտեղ խոցման ուղղություններից մեկը Մեղրին էր»,- ասաց Լևոն Նազարյանը։

Հանրապետական կուսակցության անդամի փոխանցմամբ՝ Սյունիքի շուրջ իշխանության պլանավորած դավադիր գործողությունների համատեքստում պետք է դիտարկել Կառավարության երեկվա նվիրատվության գործարքը։

«Սյունիքի տնտեսական հենքը համարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը երեկ նվիրատվություն է արվել Կառավարությանը։ Սա կոռուպցիոն ռիսկ և աշխարհաքաղաքական առևտրի ռիսկ պարունակող գործարք է. ինչ է նշանակում՝ թշնամին պահանջում է միջանցք Սյունիքում, ու նման գործարք է կնքվում։ Անհասկանալի է, որ պետությունն իր ունեցվածքը տալիս է մասնավորին շահագործման, հետո մասնավորից 25 տոկոսը նվեր է ստանում. տպավորություն է, որ Զանգեզուրի կոմբինատի 25 տոկոս բաժնետոմսերի նվիրատվությունը սպասարկում է որոշակի խմբերի, որոնք կապված են առաջիկա զիջումների հետ»,- ասաց Նազարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս