
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դեսպան Դեվալը շնորհավորել է Արշակ Կարապետյանին՝ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Կիշան Դան Դեվալը հայտնել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ ուղղություններով առկա բարձր մակարդակի հարաբերությունները, հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտը:
Հայ-հնդկական ռազմական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու մասնագիտական աշխատանքային խմբերի գործունեությունը: