
«Ադրբեջանի ռազմական հաջողությունը չի կարող նշանակել արցախցիների ինքնորոշման իրավունքի բացառում». Արցախի նախագահի խոսնակը՝ Ալիևի հայտարարության մասին

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին որևէ ինքնավարություն տալու հնարավորությունը բացառում է։
«Ինչ վերաբերում է ինքնավարության մասին զրույցներին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լավ գիտեն Ադրբեջանի դիրքորոշումը: Մենք ժամանակին առաջարկել ենք հայերին ինքնակառավարման որոշակի աստիճան հատկացնել, սակայն նրանք մերժել են այդ տարբերակը: Նրանք միան «անկախության» մասին են խոսել: Իսկ հիմա, երբ հակամարտությունն անցյալում է մնացել, նրանք բարձրացնում են ինքնավարության մասին հարցը: Սակայն մեր օրակարգում ընդգրկված չէ ինքնավարություն տալու հարցը»,- ասել էր Ալիևը։
168.am-ը Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց, թե այս հայտարարության վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտն ի՞նչ դիրքորոշում ունի։
«Կարծում եմ՝ հակամարտության բոլոր կողմերն էլ գիտեն, որ այն կարգավորված չէ, և մի շարք սկզբունքային հարցեր մնում են չլուծված: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը և հակամարտության կարգավորման համար առաջարկված սկզբունքներն ուժի մեջ են, որքան էլ ադրբեջանական կողմն ընդդիմանա դրան:
Այդ սկզբունքներից ոչ մեկը մյուսի նկատմամբ գերակայություն չունի և, բնականաբար, Ադրբեջանի ռազմական հաջողությունը չի կարող նշանակել արցախցիների ինքնորոշման իրավունքի բացառում:
Ի դեպ, նշված միջնորդական առաքելության շրջանակներում համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան, այդ թվում՝ Ստեփանակերտ, ինչը նույնպես խոսում է հիմնախնդրի չկարգավորված լինելու մասին»,- նշեց Լուսինե Ավանեսյանը։