«Երեխաները սոված են քնում այս երկրում, մի գրամ խիղճ չի մնացել ձեր մեջ». Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին
Թուրքիայի Կենտորանական բանկը որոշում է կայացրել նվազեցնել պաշտոնական տոկոսադրույքը և այն սահմանել է 18 տոկոս։ Որոշման հետևանքով թուրքական լիրան սկսել է արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Սեպտեմբերի 29-ի երեկոյան միջազգային շուկայում 1 դոլարի փոխարժեքը եղել է 8.95 լիրայի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, անդրադառնալով լիրայի արժեզրկմանը, հերթական անգամ քննադատել և մեղադրել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Դոլարի կրակը չի հանդարտվում։ Դու ես արել այս ամենը, Էրդողա՛ն, այն էլ՝ դիտավորյալ։ Ինչպե՞ս ես նայում այս ազգի երեսին, որին հասցրել ես նման ցավալի վիճակի։ Բացի այդ չեմ հասկանում, թե ինչպես կարող է որևէ բյուրոկրատ նման անհեթեթություններ անել։ Երեխաները սոված են քնում այս երկրում, մի գրամ խիղճ չի մնացել ձեր մեջ»,- երեկ երեկոյան գրել է Քըլըչդարօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում։