
Թալիբները զինվորականների պատրաստման կենտրոն են բացել Աֆղանստանի նահանգում

Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումը հայտարարել է երկրի հարավում գտնվող Զաբուլի նահանգում զինվորականների պատրաստման կենտրոն բացելու մասին։
«Զինվորականների պատրաստման կենտրոնը բացվել է Զաբուլի նահանգում: Առաջին ընդունելությանը մասնակցել է Աֆղանստանի իսլամական Էմիրության (թալիբների քաղաքական հաեմակարգի ինքնանունը) 400 մարտիկ»,-ասվում է շարժման հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:
Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում:
Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: