
Ամունդի-ԱԿԲԱ-ն 10 հազար եվրո կուղղի սոցիալական բնակարանային ռազմավարության հետազոտությանը

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել: Համագործակցության շրջանակում Ամունդի-ԱԿԲԱ-ն իր շահույթից 10 հազար եվրո կտրամադրի Հայաստանում սոցիալական բնակարանային համակարգի ներդրման ռազմավարության հետազոտությանը:
«Հայաստանում սոցիալական բնակարանային զարգացման ռազմավարության մշակման հետազոտությունը կարևոր է բոլորիս համար: Պետք է ունենալ երկարաժամկետ տեսլական` իրականացնելու ծրագիր, որի սոցիալական ազդեցությունը մեծ կլինի Հայաստանի բնակչության համար: Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, մենք մշտապես կարևորել ենք նմանատիպ նախագծերի իրականացումը, քանի որ ստացված արդյունքների միջոցով հնարավոր կլինի խնդիրներ լուծել ոչ հեռու ապագայում», – նշել է ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը:
Կարևորելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային շրջանակի ընդլայնումը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հուշագրի կնքումը սոցիալական պաշտպանության ոլորտում ևս մեկ կարևոր քայլ է համարել։
Սոցիալական բնակարանային համակարգի ներդրման ռազմավարությունը մշակելու համար իրականացվելու է հատուկ հետազոտություն՝ ներառելով սոցիալական բնակապահովության ոլորտում միջազգային փորձի վերլուծություն, հայաստանյան իրավիճակի ուսումնասիրություն, կարիքների վերհանում և գնահատում ըստ սոցիալական խմբերի, խոցելիության աստիճանի, ինչպես նաև տարածքային բաշխվածության և այլ չափանիշների:
Ամունդի-ԱԿԲԱ-ն կառավարում է կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ:
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: