
Ստոլտենբերգը և Բորելը բանակցություններ են վարել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսային բանակցություններ է վարել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալբին Կուրտիի հետ՝ Սերբիայի և Կոսովոյի իշխանությունների միջև լարվածության աճի ֆոնին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բելգրադի և Պրիշտինայի համար կենսականորեն կարևոր է զսպվածություն դրսևորելը և երկխոսության վերադառնալը», – բանակցությունների արդյունքներով Twitter-ում գրել է Ստոլտենբերգը:
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ KFOR միջազգային զորախմբի խնդիրը նախկինի պես անվտանգ և հանգիստ իրադրության ապահովումն է, ինչպես նաև բոլորի համար ազատ տեղաշարժի ապահովումը:
Իր հերթին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների հետ բանակցությունների արդյունքում մատնանշել է նրանց պատասխանատվությունը տեղի բնակչության անվտանգության և բարեկեցության համար: «Կոսովոն և Սերբիան պետք է լուծումներ գտնեն իրավիճակը լիցքաթափելու համար, պայմանավորվեն հետագա գործողությունների մասին։ ԵՄ-ն ակտիվորեն կաջակցի նման ջանքերին», – ասվում է Բորելի գրավոր հայտարարության մեջ։