Բաժիններ՝

Վրաստանի իշխող կուսակցությունում կարծում են, որ Սահակաշվիլին չի կարողանա վերադառնալ հայրենիք

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով հայտարարել է, որ հայրենիք կվերադառնա տեղական իշխանության մարմինների ընտրություններին, իրականում չի կարող դա անել։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը, կիրակի լրագրողներին հայտնել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն:

«Ես ձեզ երկու խոսքով կասեմ. նա (Սահակաշվիլին) չի համարձակվի վերադառնալ։ Նրա համար դժվար չի լինի դրա պատճառները գտնել։ Նա կարող է մեղադրել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, սակայն երկու խոսքով ասեմ, որ նա չի համարձակվի դա անել ։ Մենք գիտենք, որ նա դրա համար ոչ հնարավորություններ, ոչ ռեսուրսներ չունի»,- ասել է Կոբախիձեն ։

Սահակաշվիլին սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ պատրաստվում է հայրենիք վերադառնալ իշխանության տեղական մարմինների ընտրություններին, որոնք նշանակված են հոկտեմբերի 2-ին: Նա հավելել է, որ իր երթուղու և ժամանման հստակ ամսաթվի մասին ավելի ուշ կհայտնի հրապարակայնորեն: Նրա հայտարարությունից մի քանի օր անց «Օրենք և արդարություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թամար Չարկվիանին ստեղծել է «Համաժողովրդական շարժում», որի նպատակն է նախկին նախագահի վերադարձը։

Սահակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2004 թվականի հունվարից մինչև 2013 թվականի նոյեմբեր։ 2013-ին նա լքել է երկիրը նախագահական լիազորությունների ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ։ Դրանից անմիջապես հետո նրա դեմ չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով արդեն դատավճիռներ են կայացվել։

2018 թվականի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով Սահակաշվիլիին երեք տարվա ազատազրկման է դատապարտել 2006 թվականին Վրաստանի միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով: 2018 թվականի հունիսի 28-ին դատարանը նրան վեց տարվա ազատազրկման է դատապարտել 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով: Այս պահին Սահակաշվիլին բնակվում է Կիևում և զբաղեցնում է Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս