Բաժիններ՝

Հացը թանկացել է. առաջիկայում կբարձրանան նաև հացահատիկի սակագնից կախված մյուս ապրանքների գները

«Առավել շատ օգտագործվող սննդամթերքը թանկացել է: Խոսքը ոչ միայն հացի, այլև բուսական յուղի, կրուպեղենի մասին է: Բոլոր թանկացումներն էլ, ցավոք, ոչ լիարժեք են հիմնավորված: Սուս-փուս թանկացնում են՝ տեսնելով, որ նախկին թանկացումը մարսեցին»,- մեզ հետ զրույցում ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:

«Ռուսաստանում հացահատիկային մշակաբույսերի գների աճը բացասաբար է ազդել հայկական շուկայի մի շարք ապրանքատեսակների ինքնարժեքի վրա։ Կարծիք կա, որ առաջիկայում կբարձրանան նաև հացահատիկի սակագնից կախված մյուս ապրանքների գները։ Այս պահին հացը թանկացել է մոտ 10 դրամով: Այսպիսի բան կա. հացի խոնավության 1 տոկոսի ավելացումը քաշի երեք անգամ աճ է ապահովում: Դրա համար խորամանկում են, աղը շատ են գցում, խոնավությունը բարձր են պահում:

Ալյուրի մեկ պարկը մոտ 2000 դրամով է թանկացել: Եթե թանկությունը հիմնավորված է, կապված է միջազգային գների թանկացման հետ, պետությունը դրանով չպետք է բավարարվի, պետք է միջամտի, դոտացիա տա, որ ժողովրդին էժան վաճառեն, թանկացում չլինի: Գործարարները շատ են ասում՝ քանի որ հարկերը են վճարում, ստիպված էժան բաղադիչներ են օգտագործում, ապրանքի որակն իջնում է, սակայն գինը բարձր է մնում»,- նշեց նա:

Հավելենք, որ փորձագետները կանխատեսում են, որ մինչև տարեվերջ սննդամթերքի գների աճի նոր ալիք կլինի, ինչն անմիջականորեն կապված է Ռուսաստանում ցորենի թանկացման հետ։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում ցորենի ցանքատարածքները 2016 թվականի 101․000 հեկտարից 2019-ին նվազել են մինչև 60․000 հա։ 2016-ին, երբ երկրում ավելի շատ ցորեն էր մշակվում, ներկրվել է հավելյալ 325․000 տոննա։ Ընդ որում, ցորենի մշակությանը հատկացվող տարածքների նվազմանը զուգահեռ՝ նվազել է նաև ներկրումը՝ 2019-ին կազմելով 250․000 տոննա։ Խոջոյանը նշում է, որ երբ ցորենի մշակությանը հատկացվող տարածքները նվազեցին, ակնկալվում էր, որ ներմուծման ծավալները կավելանան՝ բացը լրացնելու համար։ Սակայն, տեղի է ունեցել ճիշտ հակառակը։ Այս անհամապատասխանության հիմքում, ըստ նրա, կարող է լինել այն, որ 2016 թվականին ցորենի ցանքատարածքների մասին տեղեկատվությունն իրականում չափազանցված է եղել։

Մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը, Արցախում ցորենի ցանքատարածքները կազմում էին 35․000 հեկտար, հատիկաընդեղենի մշակության համար օգտագործվող տարածքները՝ 75․000-80․000 հեկտար։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ Հայաստանում և Արցախում տարեկան սպառվել է մոտավորապես 500․000-600․000 տոննա ցորեն, որի 20-30%-ն ապահովել է Արցախը։ Արցախում աճեցվել է տարեկան մինչև 150․000 տոննա հատիկաընդեղեն և ցորեն։ 2019 թվականին, օրինակ, այդ ցուցանիշը կազմել է 118․000 տոննա։

Արցախի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայկական կողմի վերահսկողությունից դուրս է մնացել 95․000 հեկտար վարելահող։ Դեռևս հստակ չէ, թե դրա որ մասն են կազմել ցորենի և հատիկաընդեղենի ցանքատարածքները։ Նշենք, որ ցորեն և հատիկաընդեղեն մշակվում էին հիմնականում Քաշաթաղում, Հադրութի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, որոնց մեծ մասն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս