Ապօրինի ծագման գույքի բռնագանձումից ժողովրդին գումար չի վերադարձվելու. Վարդևանյան

Այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած քննարկման ընթացքում պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին՝ ասաց՝ որևէ մեկը չի կարծում, թե ապօրինի ծագում ունեցող գույքը չպետք է բռնագանձվի, սակայն դա նախ պետք է կատարվի օրինական ձևով:

«Նման փորձ, օրինակ՝ Վրաստանում ևս ժամանակին կատարվեց, և հետո եղան Եվրոպական դատարանի վճիռներ, որոնցից հետո հարց է առաջանում, թե ինչքա՞ն էին ապօրինի գույք բռնագանձել, և ինչքա՞ն էին փոխհատուցումներ վճարում, ո՞րն էր համաչափության տեսանկյունից ավելի արդյունավետ: Դրա համար էլ պետք է, որ պրոցեսը լինի լիարժեք օրինական: Երկրորդ՝ գործընթացը պետք է լինի քաղաքական շահարկումներից զերծ: Առնվազն մենք պատկերացնո՞ւմ ենք, որ այսօրվա իշխանություններն ունենալու են կամք իրենց համար ցանկալի, հաճելի կամ այլ ձևով բնութագրված հարաբերություններ ունեցող անձանց, որոնք ևս կարող են կասկածվել ապօրինի ծագման գույք ունենալու օրենքի կարգավորման տիրույթում, գնալ այդ վարույթին: Այստեղ կարո՞ղ ենք ունենալ կասկածներ, կարծում եմ՝ կարող ենք:

Երրորդ՝ այս օրենքն իր մեջ ուներ հստակ իրավաքաղաքական բաղադրիչ՝ հանրությանը խոստումներ տալու մասով: Օրենքը թե՛ հանրային քննարկումների, թե՛ ԱԺ լսումների, թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական շրջանում մշտապես ներկայացվում է հետևյալ ելակետով՝ այս օրենքը նրա մասին է, որ ապօրինի ծագման գույքը վերադարձվի ժողովրդին, կարելի է ասել՝ ժողովրդավարության ուղիղ դրսևորման մոդել, տարբերակ է, բայց օրենքում գրված է, որ այդ ապօրինի գույքը վերադարձվում է պետական բյուջե, պետական բյուջեն և ժողովուրդը նույն հասցեատերը չեն: Պետական բյուջեն այն աղբյուրներից մեկն է, որը սպասարկում է պետական տարբեր ծախսեր, այս վերջին շրջանում շատ քննարկված պարգևավճարներ, և այլն:

Ժողովրդին վերադարձի մեխանիզմը լրիվ այլ է… Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը, պետք է նաև շիտակ ասել մարդկանց, չի վերաբերում ժողովրդին գումար վերադարձնելուն, այլ պետական բյուջեին, իսկ նրանք նույն սուբյեկտը չեն, անկեղծ չի ներկայացվել»,- ասաց Վարդևանյանը:

Քննարկման մասնակից փաստաբան Վարազդատ Հարությունյանը պնդեց, որ այս օրենքի դրույթները հնարավորություն են տալիս այն կիրառել ընտրողաբար:

«Այսպիսի մի հետաքրքիր իրավակարգավորում կա, որ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ արդեն իսկ հարուցված վարույթը կարող է կարճվել Գլխավոր դատախազի համապատասխան ոլորտը կուրացիա անող տեղակալի կողմից: Ընդ որում՝ անձը, որը դիմում է ներկայացնում, ասում է՝ ես գիտեմ, որ X մարդն ունի ապօրինի ծագում ունեցող գույք, անգամ, եթե իր այդ ինֆորմացիայի հիման վրա որոշակի գործողություններ իրականացնի վարույթ իրականացող մարմինը և հարուցի համապատասխան վարույթը, այդ անձը՝ դիմումատուն չի հանդիսանալու վարույթի կողմ: Այսինքն՝ եթե վաղը-մյուս օրը Գլխավոր դատախազի համապատասխան ոլորտը կուռացիա անող տեղակալը կարճի այդ վարույթը, այդ անձին չեն տեղեկացնելու, չկա նման մեխանիզմ, որ դիմումատուն բողոքարկի: Սա այն ապահովող իրավակարգավորումն է, որը թույլ է տալու զտել՝ ում նկատմամբ է պետք օրենքը որպես մահակ բանեցնել, ում նկատմամբ պետք չէ: Իմ կարծիքով՝ այստեղ լուրջ որոշակիության խնդիր ունենք, տարբերակված մոտեցման համար շատ հարմար գործիք է դարձել իշխանությունների ձեռքում: Որևէ մեկը չի իմանալու, թե ի՞նչ վարույթներ են հարուցվել, դրանցից որո՞նք են կարճվել, ի՞նչ պատճառով»,- ասաց Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս