«Չկա որևէ կարգավորում, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից»․ Սոցապ նախարարության աշխատակից

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Առողջապահության նախարարի այս հրամանին և այն բազմաթիվ դժգոհություններին, որ, փաստորեն, անուղղակիորեն աշխատող անձանց ստիպում են պատվաստվել, այն դեպքում, երբ Աշխատանքային օրենսգրքով այդպիսի պահանջ չկա, որ գործատուն աշխատակցին ստիպի կամ թեստավորվել, կամ պատվաստվել․

«Եթե այս խնդիրը դիտարկում ենք Աշխատանքային օրենսդրության կարգավորումների համատեքստում, այո՛, չկա որևէ կարգավորում, որևէ պահանջ, որի արդյունքում, օրինակ՝ գործատուն կարող է ազատել աշխատանքից, եթե նա չի պահպանել հրամանով նախատեսված պահանջները։ Այո՛, հրամանը կա, որով կա հստակ նախատեսված ընթացակարգ և պահանջներ, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին, եթե, օրինակ՝ աշխատողը չի թեստավորվել, ապա ազատի աշխատանքից, սա հստակ պետք է ամրագրենք։

Պետությունը որպես գործատու՝ նախագիծ է շրջանառել, որով հստակ նախատեսում է այդ կարգավորումները, համաձայն որի, եթե աշխատողը չի թեստավորվում, նախագծով նաև ժամանակ է նախատեսված, եթե 30 օր դրա արդյունքում աշխատանքի չի ներկայանում, ապա գործատուն կարող է աշխատանքից ազատել։ Սա նախագծով հստակ նախատեսված է։ Այսինքն, եթե նախագիծն ընդունվի, ապա նոր դրանից հետո կոնկրետ հնարավոր կլինի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների մասով նման կարգավորումներ կիրառել, այսինքն՝ պահանջել, եթե չի ներկայացնում, ապա ազատվում է աշխատանքից․․․»։

Հարցին՝ ստացվում է, քանի դեռ օրենսդրական փոփոխություն չկա, գործատուն չի կարող աշխատակցին ազատել աշխատանքից, բայց տուգանվելո՞ւ է, Ժորա Սարգսյանը պատասխանեց․

«Այո՛, ինչպես նշեցի, գործող կարգավորումների համաձայն՝ գործատուն չի կարողանալու աշխատողին ազատել աշխատանքից, ասացի նաև, որ այս մասով շրջանառության մեջ դրված նախագիծ չկա․․․ Հանրային ծառայության մասին օրենքի փոփոխությունը եթե ընդունվեց, ապա նոր միայն օրենքի փոփոխությունից և ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր կլինի այդ պահանջը կիրառել․․․»։

Տեսանյութեր

Լրահոս