«Ամբողջ գիշեր լուսամուտի դեմը նստած, նայում ենք՝ թուրքը գալի՞ս է, թե՞ չէ»․ գյուղացիներն առավոտյան փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն այսօր վաղ առավոտյան փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհահատվածը՝ իրենց դժգոհությունն արտահայտելու համայնքների խոշորացման վերաբերյալ Կառավարության նախագծին, որով առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքը միացնել Վարդենիս համայնքին։ Իսկ Գեղամասար խոշորացված համայնքի մեջ ներառված է 18 գյուղ, այդ թվում՝ Կութ, Սոթք, Ազատ և Նորաբակ գյուղերը, որոնցից վերև գտնվող սարերում, արդեն 4 ամիս  է,  թշնամու զորքն է տեղակայված։

«Մեր գյուղերն ավելի լավ է ընդհանրապես առանձնացնեն, չե՛ն առանձնացնում, մեր 18 գյուղերը մնալու են իրար հետ, ֆսյո՛, ուրիշ ոչ մի բան չի լինելու, մենք դա ենք պահանջում։

Շողակաթ համայնքում 5 գյուղ կա, էդ ինչի՞ նրանց ուրիշ գյուղերի հետ չեն միացնում, իսկ մեր 18 գյուղերը խոշորացնում են։ Այստեղ փախստականներ են ապրում, շան տեղ չեն դնում փախստականներին, սահմանամերձ, թուրքի գյուլլի ռեխ, մի հատ էլ տենց են անո՞ւմ։ Մինչև ե՞րբ պետք է ամբողջ գիշեր լուսամուտի դեմը նստենք, տենանք՝ թուրքը գալի՞ս է, թե՞ չի գալիս, էդքանը հաշվի առե՞լ են ընդհանրապես, որ իրենք Երևանում նստած են, մտածո՞ւմ են, որ մենք սաղ գիշեր արթուն ենք։ Քանի հատ հիվանդություն ունեմ ու ամբողջ գիշեր աչքս, ականջս պահած՝ սպասում եմ, տենամ՝ անօդաչո՞ւ է գալիս, մի հատ էլ լուսամուտով նայեմ, տենամ՝ թուրք է գալի։ Մենք էլ են մեղք, էլի՛․․․»,- լրագրողների հետ զրույցում ասում էին ճանապարհը փակած կանայք։

Մի երիտասարդ տղամարդ էլ ասաց, որ այս պահին առաջնային խնդիրը ոչ թե համայնքների խոշորացումն է, այլ Գեղարքունիքի տարածքում 4 ամիս տեղակայված թշնամու զորքը հետ շպրտելը․

«Էսօր մեր մոտ ավելի հրատապ մեր դիրքային հարցերն են, թող դիրքերի հարցը լուծեն, այս համայնքների փոփոխությունով թուրքերը ոչ հետ են գնալու, ոչ էլ դիրքերի հարցն է կարգավորվելու։ Մենք մեր ձևավորած համայնքով նորմալ ապրում ենք, թող դիրքերի հարցը լուծեն․․․ Կրակում են, խոտհարքները պաժառ տվեցին, անասունները գողացան, ոչ մեկը չգիտի, թե վաղն ինչ կանեն»։

Գյուղացիներից տարեց մի տղամարդ էլ ասաց, որ ադրբեջանցիների առաջ գալուց և գյուղերի անմիջապես վերևի սարերում տեղակայվելուց հետո, իր մոտ ճամպրուկային տրամադրություն է․

«Թող հլը գան սահմանները ճշտեն, մեր անվտանգությունն ապահովեն, որ մեր երեխեքը վախենալով չքնեն, մեծ մարդիկ շորերով են քնում․․․ Ես իմ թոռներին խի՞ պետք է գյուլլի դեմը պահեմ»։

«Որ երկրից դուրս գանք, ավելի լավ կլինի, հես ա մեկ էլ աերոպորտը կփակեն, պասպորտ չեն տալիս, ես հիմա ուզում եմ գնամ Ռուսաստան, ինչի՞ համար ինձ պասպորտ չի տալիս, մի հատ կարա՞ն պատասխանեն, ինչի՞ համար չի տալիս, էդ էլ թազա ձևեր ա՝ պասպորտ չունենք տպած, էլ չգիտեն՝ ժողովրդին ինչ խաբեն, մինչև ե՞րբ։ Ո՛չ ապրուստ են տալիս, ո՛չ աշխատանքի տեղ են տալիս, ո՛չ ապրելու հնարավորություն են տալիս, ո՛չ էլ անվտանգություն են ապահովում։ Ինչի՞ պիտի ստեղ ապրենք, իրենց դարպասն ենք պահում, որ մենք Վարդենիսը թողնենք գնանք, վաղը այդ թուրքը Երևանում է լինելու, պիտի գան՝ իրենց ջնջելով անցնեն, որ նոր իմանան․․․»,- լրագրողների հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից մի կին։

Հիշեցնենք, որ Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի նիստում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Հայաստանում շարունակվելու են վարչատարածքային փոփոխությունները, և դեկտեմբերի դրությամբ արդեն կունենանք նոր միավորված համայնքներ։

«Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, տեղի են ունենում հանրային լսումներ, հանդիպումներ համայնքների ղեկավարների, բնակիչների հետ։ Առաջիկայում կլինեն նաև խորհրդարանական լսումներ, հավանաբար արդեն հաջորդ շաբաթ նախարարությունը մեզ կներկայացնի միավորվող համայնքների նախագիծը, և ըստ այդմ ես ուզում եմ բոլորիդ կոչ անել այս պրոցեսին վերաբերվել բավականին պատասխանատու։ Քաղաքական կուսակցություններին կոչ անել մասնակցելու այս պրոցեսին ակտիվորեն, որովհետև մենք արդեն ունենք նաև նոր օրենք, որն ընտրական պրոցեսը դարձրել է համամասնական, և սա լայն հնարավորություն է՝ թե՛ տեղական ժողովրդավարության ամրապնդման, թե՛ կուսակցությունների կայացման համար»,- ասել էր Սուրեն Պապիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս