Ավելի քան 25 միլիոն դրամ Ոստիկանությանը՝ ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման համար
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքների ավագանիների ընտրություններ նշանակելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու մասին Կառավարության որոշման նախագիծը։
«Վերոնշյալ 3 համայնքներում ՏԻՄ ընտրություններն առաջարկվում է նշանակել և անցկացնել 2021 թվականի նոյեմբերի 14-ին՝ ավագանու ընտրության համամասնական ընտրակարգով։ 3 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման համար ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 25.249.000 ՀՀ դրամ․․․»,- ասաց Գնել Սանոսյանը։
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ ընդգծեց, որ ԿԸՀ-ն արդեն հրապարակել է ՏԻՄ ընտրության 3 օր՝ հոկտեմբերի 16, նոյեմբերի 14 և հավելյալ օր՝ դեկտեմբերի 5․
«Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շարունակվելու են վարչատարածքային փոփոխությունները, և մենք դեկտեմբերի դրությամբ արդեն կունենանք նոր միավորված համայնքներ։ Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, տեղի են ունենում հանրային լսումներ, հանդիպումներ համայնքների ղեկավարների, բնակիչների։ Առաջիկայում կլինեն նաև խորհրդարանական լսումներ, հավանաբար արդեն հաջորդ շաբաթ նախարարությունը մեզ կներկայացնի միավորվող համայնքների նախագիծը, և ըստ այդմ ես ուզում եմ բոլորիդ կոչ անել այս պրոցեսին վերաբերվել բավականին պատասխանատու։ Քաղաքական կուսակցություններին կոչ անել մասնակցելու այս պրոցեսին ակտիվորեն, որովհետև մենք արդեն ունենք նաև նոր օրենք, որն ընտրական պրոցեսը դարձրել է համամասնական, և սա լայն հնարավորություն է՝ թե՛ տեղական ժողովրդավարության ամրապնդման, թե՛ կուսակցությունների կայացման համար»։
Կառավարությունը միաձայն ընդունեց այս որոշումը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում