Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց հարցին՝ իրավունք ունե՞ր աշխատանքային օրենսգրքին հակասող հրաման տալու

Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կորոնավարակով պայմանավորված սահմանափակումների մասին մի շարք հարցեր ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, որոնց պատասխանեց Առողջապահության նախարարը: Մասնավորապես, Ավետիսյանը հիշեցրեց, որ ԱՆ հրամանով հոկտեմբերի 1-ից աշխատող մարդիկ կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:

«Փաստորեն, նորից ժամանակն անցնում է, այս անգամ էլ պատվաստման գործընթացը, մեղմ ասած, չի հաջողվում, և Կառավարությունը որոշել է այս անգամ էլ խնդիրը գցել իր ուսերից, տեղափոխել գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթ: Առաջին հարց՝ սա աշխատողի պարտադիր բժշկական զննությո՞ւն է, դրա որևէ տարատեսա՞կ, որը հստակ կարգավորված է Աշխատանքային օրենսգրքով, ի դեպ, որի ենթակա աշխատողների ցանկը պետք է բխի Աշխատանքային օրենսգրքի 249 հոդվածից, որտեղ որևէ պահանջ պատվաստման մասին չկա, ընդ որում, այդ ցանկը պետք է սահմանի և սահմանել է ՀՀ կառավարությունը: Երկրորդ՝ ո՞վ պետք է վճարի թեստի համար, աշխատո՞ղը, թե՞ գործատուն, եթե այդքան կարևոր հանրային առողջության խնդիր է դրված լուծման, ապա ինչո՞ւ վճարմանը չի մասնակցում պետությունը՝ ամբողջությամբ կամ մասնակի: Ինչո՞ւ է պետությունը խրախուսելու, իրազեկելու փոխարեն՝ կիրառում հարկադրանքի միջոցներ, նոր խնդիրներ և վեճի առարկա բերելով, ստեղծելով աշխատանքային հարաբերություններում: Աշխատանքային օրենսգրքին հակասող թեստավորման այս պարտադրանքն ի՞նչ սոցիալական հետևանքներ կունենա զանգվածային զատումների և ամսական միջինը 30.000 դրամ լրացուցիչ և հարկադրված ծախսերի հետևանքով»,- հարցրեց Ավետիսյանը:

Նախարար Ավանեսյանը այս կոնկրետ հարցերին ի պատասխան՝ հիշեցրեց, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել համավարակի սկզբից մինչև օրս, ապա պնդեց, որ մի շարք երկրներում պատվաստվողների թիվը մեծ է զուտ այն պատճառով, որ չեն հանել տոտալ լոքդաունը, և մարդիկ հասկացել են՝ բնականոն կյանքին վերադառնալու համար հարկավոր է պատվաստվել:
Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ նախարարն իր հարցերին չպատասխանեց:

«Հանրային առողջության խնդիրներն անպայման պետք է լուծվեն հակադրելո՞վ աշխատողների իրավունքների իրացմանը: Սպառվե՞լ են խրախուսող, բացատրող, տեղեկացնող բոլոր միջոցները, որ հիմա այս վիճակում, այս տնտեսական սոցիալական վիճակում, երբ աշխատող աղքատների թիվն ավելանում է, հիմա բերենք այս հարկադրանքը: Խնդիրը լուծում ենք՝ նո՞ր խնդիրներ առաջացնելով… Արդյո՞ք Դուք՝ որպես նախարար, իրավունք ունեիք նման հրաման տալու, որն ուղիղ հակասում է Աշխատանքային օրենսգրքին»,- ասաց Ավետիսյանը և վստահեցրեց, որ շուտով դատարանները լցվելու են աշխատանքային վեճերով:

Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ այս միջոցառումները միայն Հայաստանում չեն կիրառվում, այլ ամբողջ աշխարհում, ըստ էության կրկին չպատասխանելով կոնկրետ ձևակերպված հարցին:

«Հանրային առողջապահական անվտանգությունն ազգային անվտանգության մի կարևորագույն արժեք է, որը պաշտպանելու համար մենք՝ որպես պետություն, իրավասու ենք կիրառել սահմանափակող միջոցառումներ… Սա բացառիկ միջոցառում չէ, որը մենք ենք կիրառում, այսօր բազմաթիվ երկրներ նույն միջոցառումներն են կիրառում»,- ասաց Ավանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս