«Մեզ թվում է՝ հայկական կողմի առաջին դեմքերն այդ անունները հատուկ են ադրբեջանական տեղանուններով անվանում». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արցախի հերոս, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խմբակցության առաջարկած քննարկմանը՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Մենք առաջարկել էինք, որպեսզի համապատասխան պաշտոնատար անձինք՝ ԱԱԾ, Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Դատախազության և ՄԻՊ, գան ներկայացնեն իրադրությունը և այդ իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու իրենց առաջարկությունները։ Այսօրվա իշխանություններն ասում են, որ առաջին դեմքերով են ուզում ներկայանալ, և համադրման խնդիր կա, որովհետև տարբեր պատճառներով բացակայողներ կան։ Մենք առաջարկել էինք՝ քանի որ այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օր է, դրանից առաջ, միևնույն է,  առաջին դեմքերը պետք է գան, օրինակ՝ ժամը  14։00-ին հավաքվեինք և այդ քննարկումն իրականացնենք, բայց այսօր տեղեկություն ստացանք, որ կրկին համադրման խնդիր կա»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Նրա կարծիքով՝ նախատեսված քննարկումն այսօր տեղի չի ունենա, թե երբ կլինի՝ դժվարացավ  ասել։

«Կարծում եմ՝ այս իշխանության մոտ որոշումների ընդունման արագությունը, իրադրությանն արագ գնահատական տալը միշտ էլ կաղացել է և այսօր էլ կաղում է»,- հավելեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը՝ Սյունիքի մարզում թշնամու դրած ոստիկանակետի վերաբերյալ, ինչպես նաև  հայկական տեղանուններն ադրբեջանականով անվանելուն, Սեյրան Օհանյանը նկատեց՝ նախ և առաջ դրա մեջ կարող է թաքնված պահ լինել, այսինքն՝ իրենք ենթադրում են, որ այդ տարածքները սահմանազատումից ու սահմանագծումից հետո անցնելու են ադրբեջանցիներին, թե ինչ իրավապայմանագրային հենքի վրա դա տեղի կունենա՝ չի հասկանում։

«Եթե տեսել եք, մեր իշխանություններն իրենց խոսքում այդ ադրբեջանական տեղանուններն անընդհատ ներկայացնում են հանրությանը, ի հակադրություն սրա՝ Ադրբեջանը փորձում է մեր հայկական բնակավայրերն ադրբեջանական անուններով ներկայացնել։ Սա հերթական ճնշումն է Ադրբեջանի ղեկավարության կողմից ՀՀ ղեկավարության նկատմամբ։ Պատերազմում կրած պարտությունից հետո այս սադրանքները, ճնշումները միշտ էլ շարունակական են լինելու։ Մեզ թվում է՝ հայկական կողմի առաջին դեմքերն այդ անունները հատուկ են ադրբեջանական տեղանուններով անվանում»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս