Ինչպես է թուրքական բեռնատարը հասել Հանրապետության հրապարակ․ պարզաբանում է «գունագեղ» տոնակատարության միջոցառման կազմակերպիչը

«Մոտ 1.5-2 ամիս կլինի, որ սեպտեմբերի 21-ի ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսել ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Դոմինո փրոդաքշնի» հիմնադիր, նախագծի պրոդյուսեր Աշոտ Առաքելյանը։

Նրա խոսքով՝ միջոցառման ամբողջ բրենդինգն իրենք են իրականացնում, իրենցն են նաև կանգառներում փակցված Անկախության 30-ամյակին նվիրված պաստառները։ Ինչ վերաբերում է երեկ Հանրապետության հրապարակ հասած թուրքական բեռնատարին, որը ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման համար սարքավորումներ էր բերել Երևան, Աշոտ Առաքելյանն ասաց, որ այն Թուրքիայից չէր ժամանել։

«Գերմանիայից եկած բեռ է՝ գերմանական նկարահանման համակարգ, որը գերմանական ընկերությունը բեռնափոխադրման միջոցով տեղափոխել է Հայաստան՝ Երևան։ Բեռնափոխադրման ընկերությունն այդ համակարգը թուրքական պետհամարանիշներով բեռնատարով է ուղարկել, որը Հայաստանում արգելված չէ, ու նման բաներ կարող եք փողոցում տեսնել։ Բեռը թուրքական չէ, Թուրքիայի հետ կապ չունի, այդ համակարգը միայն Գերմանիայում կա, ու գերմանացիներն են դիմել այդ տրանսպորտային կազմակերպությանը։ Գերմանիայից հենց այդ թուրքական մեքենայով է եկել բեռը։ Ընդամենը մեկ բեռնատար է եղել․․․ Խոսակցությունները, թե բեռը Թուրքիայից է եկել, թուրքական է, ես ոչ միայն բացառում եմ, այլ անհնար է նման բան լինի․․․»,- ասաց Դոմինո փրոդաքշնի» հիմնադիր, նախագծի պրոդյուսեր Աշոտ Առաքելյանը։

Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն օրերս ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր՝ «զոհված զինծառայողների ծնողների համար հատուկ նստատեղեր են նախատեսված», ուստի միջոցառման կազմակերպչին հարցրեցինք՝ Հանրապետության հրապարակում քանի՞ նստատեղ է հատկացվել զոհված զինծառայողների ծնողների համար, սակայն Աշոտ Առաքելյանն ասաց, որ այդ հարցն իրենց տիրույթում չէ․

«Դիմեք համապատասխան մարմիններին, պատասխանը կստանաք, ես չեմ զբաղվում նստատեղերով և այլն, մենք միայն միջոցառումն ենք կազմակերպում․․․»։

Հիշեցնենք, որ ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման մասին սեպտեմբերի 8-ի կառավարության նիստում առաջինը հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը․ «Հանգամանքների բերումով՝ մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։

Փաշինյանի այս հայտարարությունից հաշված րոպեներ անց սոցիալական ցանցերում մարդիկ սկսեցին քննադատական գրառումներ կատարել, ամոթանք տալ կառավարությանը կայացրած այս որոշման առնչությամբ։ Հատկապես զոհված, անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները կոշտ հայտարարություններով հանդես եկան։

Ի դեպ՝ զոհված զինծառայողների հարյուրավոր ծնողներ հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով չեղարկել «գունագեղ տոնակատարությունը»․

«Մենք՝ հերոս, նահատակ տղաների ծնողները, կանայք, ընտանիքի անդամները սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի առաջին տարելիցից ընդամենը 6 օր առաջ կազմակերպվող գունագեղ համերգը համարում ենք սրբապղծություն, նողկալի արարք:

Մեր տղերքի զոհվելուց դեռ 1 տարի էլ չի անցել, հարյուրավոր ծնողներ դեռ իրենց որդիներին և ամուսիններին են փնտրում, ունենք գերիներ, որոնք ամեն օր ենթարկվում են անմարդկային կտտանքների: Այս պայմաններում գունագեղ համերգի անցկացումը և հայտարարությունը, որ այն նվիրված է լինելու մեր տղերքին, համարում ենք ծանր վիրավորանք մեզ և մեր տղաների հիշատակին: Կոչ ենք անում հրաժարվել այդ մտադրությունից և Անկախության օրը նշել այլ՝ իրավիճակից բխող տարատեսակ միջոցառումներով»:

Տեսանյութեր

Լրահոս