«Մենք սպասում ենք, եկե՛ք». ՀՀ թռչնաբույծների միության առաջարկը՝ ԵԱՏՄ երկրներին
Հայաստանի թռչնաբույծների միությունը Եվրասիական միության մարմիններին առաջարկել է ածան հավերի ու բրոյլերների վերարտադրության տոհմային ֆաբրիկայի նախագիծը:
«ԵԱՏՄ-ն տոհմային թռչնաբուծական ֆաբրիկաների տնտեսություն ստեղծելու նախաձեռնությամբ էր հանդես եկել, մենք էլ առաջարկեցինք մեր ծրագիրը, որն այստեղ կար: Նախագիծը ենթադրում է կոոպերացիայի սկզբունքով ֆաբրիկաների կառուցում, որոնց կմիանան նաև մեր տեղական արտադրողները: Մենք օգտագործվող բրոյլերների 60-65 տոկոսը դրսից ենք ներկրում, իսկ այս դեպքում 50 տոկոսով կրճատվելու է ներկրումը: Հայաստանում ածան հավեր չեն բուծում, այդ պատճառով էլ տարեկան 2-3 անգամ դրանք պետք է գնել դրսից: Տոհմային համալիրն ամբողջությամբ կապահովի Հայաստանը և՛ բրոյլերներով, և՛ ածան հավերով, իսկ մի մասը թույլ կտա վաճառել նաև ԵԱՏՄ գործընկերներին»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ՝ նախագիծը ԵԱՏՄ-ում հավանության է արժանացել և հիմա քննարկման փուլում է:
«ՌԴ կառավարությունը որոշում էր կայացրել, որ երկրորդ կարգի վերարտադրիչ տոհմային տնտեսությունները քիչ են, չեն բավարարում, ու ստիպված դրսից ներկրում են, դրա համար հատուկ այդ ծրագիրն առաջարկել էին, որ ԵԱՏՄ երկրները միանային, մեզ էլ առաջարկեցին, ներկայացրեցինք ծրագիրը՝ ասելով.
«Մենք սպասում ենք, եկե՛ք ծրագիրն այստեղ անենք»:
Երեք տարի շարունակ այդ ծրագիրն այստեղ առաջ էինք քաշում, անընդհատ հետաձգվում էր, բայց քանի որ ԵԱՏՄ կոլեգիալ մարմինն է առաջարկում, մենք էլ ասացինք՝ բերեք այստեղ սարքենք:
Բոլորը միանում են, ասենք, Հայաստանում գտնում են կլիմայական պայմաններով ամենալավ տեղը, կառուցում են ֆաբրիկաները, մենք էլ արտահանում ենք այն երկրներ, ովքեր որ մասնակցել են»,- մանրամասնեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը՝ հավելելով, որ եթե սա կյանքի կոչվի, ապա կստեղծվեն նոր աշխատատեղեր, կէժանանան և՛ ձուն, և՛ հավի միսը։