
«Ես ոչ մի վայրկյան չեմ մտածում ՊՍԺ-ի մասին»․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ չի մտածում ՊՍԺ-ի և Լիոնել Մեսսիի դեմ Չեմպիոնների լիգայում կայանալիք առաջիկա խաղերի մասին՝ «Լայցպիգի» հետ խաղից առաջ։
«Սիթին» գերմանացիների հետ կխաղա սեպտեմբերի 15-ին: Փարիզցիների հետ հանդիպումները՝ սեպտեմբերի 28-ին և նոյեմբերի 24-ին: Խմբում կա նաև «Բրյուգեն»:
– Վտանգավո՞ր է կենտրոնանալ Մեսսիի վրա «Լայպցիգի» դեմ խաղից առաջ:
– Բացարձակապես: Մեզ համար ամենադժվար խաղը կլինի առաջինը՝ «ՌԲ Լայպցիգի» դեմ: Սա ամենակարևոր խաղն է:
Ես ոչ մի վայրկյան չեմ մտածում ՊՍԺ-ի մասին: Այն թիմերը, որոնց մենք ստիպված կլինենք հանդիպել խմբում, շատ բարդ են:
«Լայցպիգն» առաջընթաց է գրանցել Գերմանիայում: «Բավարիային» հնարավոր չէ կանգնեցնել, բայց անընդհատ այնտեղ երկրորդ ու երրորդ լինելը, Դորտմունդի «Բորուսիայի» հետ մենամարտելը բարդ է․ սա լավ փորձություն կլինի մեզ համար: Եվ կարևոր է խաղալ այնպես, ինչպես մենք խաղացինք շաբաթ օրը»,- ասել է Պեպը:
Սիրարփի Աղաբաբյան