«Զանգեզուրով անցնող ճանապարհին արգելքներ ստեղծելով՝ Ադրբեջանը կտրում է Հայաստանի կարևոր զարկերակը․․․ Պատրաստվե՛ք պատերազմի»․ Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զանգեզուրով անցնող ճանապարհին արգելքներ ստեղծելով՝ Ադրբեջանը կտրում է Հայաստանի կարևոր զարկերակը։ Այն ուղղված չէ Իրանի դեմ, ինչպես պնդում է ՀՀ մոլորված մամուլը, այլ՝ Հայաստանի։
Բնական է, Ադրբեջանը Իրանին առաջարկել է Արարատյան դաշտ, ապա՝ Վրաստան Նախիջևանով ճանապարհը։ Այս քայլով էլ Հայաստանի վարչախումբը հիմնավորելու է Տիգրանաշենի հանձնումը, ապաշրջափակման հարցում թշնամու բոլոր պայմանների կատարման իր հերթական ապազգային քայլերը։
Ադրբեջանը շուտով կփորձի ամբողջությամբ կլանել Հայաստանը։ Այն տեսակետները, որ Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանում նոր պատերազմ սկսելու հարցում վախենում են Ռուսաստանից, անհիմն է։ Նրանց բանակներն արդեն պատրաստ են հարձակման հրամանին, իսկ Հայաստանի վարչախումբն իր պահվածքով, ամեն կերպ նպաստում է հարձակմանն ու Հայաստանի օտարմանը։
Ես կրկին այն կարծքին եմ, որ Սյունիքի ազգաբնակչությունը պետք է ձեռնամուխ լինի պաշտպանական ջոկատների ստեղծմանը և այդ հարցում համագործակցի միայն Զանգեզուրում գտնվող ռուսական զինված ուժերի հետ։
Պետք չէ մոռանալ, որ միջպետական ճանապարհը Հայաստանի կյանքի ճանապարհն է և, որ Բաթումը արդեն թուրքական նավահանգիստ է՝ չնայած դեռ Վրաստանի ինքնիշխանության տակ է գտնվում։
Ստեղծված այս իրավիճակում, ես Հայաստանի անվտանգության ապահովման միակ ելակետ եմ տեսնում Ռուսաստան-Բելառուս միությանը անդամակցելը։ Հայաստանում հրատապ անհրաժեշտություն է դառնում հանրաքվեն։
Պատրաստվե՛ք պատերազմի»։