Արմեն Չարչյանն ահազանգել է՝ Ձեր ցուցումով է նրա նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին

Ազգային Ժողովի հերթական քառօրյայի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցն է: Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին ներկայացրեց ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանը:

Դատավորի առաջին թեկնածուին ներկայացնելուց հետո ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, «առիթը բաց չթողնելով», Ջհանգիրյանից հետաքրքրվեց նրա՝ ԲԴԽ նախագահի ժ/պ-ի կարգավիճակի շուրջ շրջանառվող տեղեկությունների մասին:

«Մասնավորապես, որ Դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային իշխանություն և բացառապես Ձեզ հետ ճշտելով են դատավորները սկսել վճիռներ կայացնել, ինչը, հասկանալի է, դատական իշխանության դեպքում ամենաանթույլատրելին է, որովհետև Սահմանադրությամբ Հայաստանում դատական իշխանությունն անկախ է, անկախ է նաև ԲԴԽ-ից»,- նշեց Թագուհի Թովմասյանը:

Ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանը նշեց, թե ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է՝ կազմված 5 իրավաբան և 5 դատավոր անդամներից, օժտված չէ որևէ դատավարական գործառույթով:

«Ես դժվարանում եմ պատկերացնել, թե այդ ճնշումները խորհրդի մի անդամն ինչպես է իրականացնում, ինչ լծակներով, ինչ միջոցներով, առավելևս Դուք գիտեք, որ իմ՝ այդ խորհրդում ընդունվելուց ի վեր քրեական (ես հասկանում եմ՝ Ձեզ հետաքրքրում է  քրեական արդարադատության ոլորտը) դատավորների որևէ համալրում տեղի չի ունեցել… Այսինքն՝ մնացել են նույն դատավորները, որոնք նշանակված են եղել դեռևս առաջին նախագահի օրոք, երկրորդ նախագահի օրոք, երրորդ նախագահի օրոք և մենք աշխատում ենք այդ կոնտիգենտի հետ»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նա Թագուհի Թովմասյանին հիշեցրեց օրեր առաջ իրենց ունեցած զրույցի մասին, որի ժամանակ «կալանավորներից մեկն ասել է, որ ես ճնշել եմ Վերաքննիչ եսիմ որ դատավորների վրա, որպեսզի ինչ-որ այս կամ այն որոշումը կայացնեն»:

Ապա Ջհանգիրյանը հիշեցրեց իր՝ կալանավայրում անցկացրած ամիսները, ապա 12 տարի անց արդարացվելը, ասելով՝ «ես չեմ պատկերացնում, թե, ասենք, ինչպես կարող եմ ճնշել դատավորների վրա, որպեսզի ապագայում ևս ՀՀ-ն ունենա հանիրավի դատապարտված մարդիկ»:

Թագոհի Թովմասյանն արձագանքեց՝ ասելով․ «Ես ուզում եմ ասեմ, որ, այո՛, պարոն Չարչյանի առողջական վիճակով պայմանավորված, երբ ես տեսակցեցի նրան, պարոն Չարչյանը ահազանգեց, որ Ձեր ցուցումով է իրականացվում նրա նկատմամբ խոշտանգում, հետապնդում, հետևաբար ես նաև ահազանգը հնչեցրեցի Ձեզ՝ նաև խնդրելով՝ եթե այդպիսի բան կա կա, ձեռնպահ մնալ:

Պարոն Ջհանգիրյան, Դուք, խոսելով ԲԴԽ լիազորությունների մասին, մատնանշեցիք Սահմանադրությամբ և ընդհանրապես իրավակարգերով ԲԴԽ-ին վերապահված լիազորությունները, բայց ես խոսեցի փաստացի Ձեր լիազորությունների մասին, որ շատ հաճախ դատավորները հյուրընկալվում են Ձեր սենյակում և Դուք այդ ճանապարհով եք նրանց իշխում։ Այսինքն՝ Դուք ցուցումներ եք տալիս՝ կոնկրետ մարդկանց Ձեր սենյակ հրավիրելով, երբեմն Դուք եք գնում արդեն դատարանների նախագահների մոտ՝ որևէ առիթով և ակնդետ հետևում եք հատկապես քրեական գործերի քննություններին»:

Ջհանգիրյանի համար «մի քիչ ծիծաղելի» էր Թովմասյանի հիշեցումը՝ դատավորների՝ ԲԴԽ անդամների սենյակ այցելելու մասին, որովհետև, ըստ Ջհանգիրյանի, էլ ո՞վ պիտի այցելի ԲԴԽ անդամներին՝ օպերատիվ աշխատողնե՞րը, դատախազնե՞րը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս