Գևորգ Փարսյանը ընտրություններին կմասնակցի Շանթ Հարությունյանի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը համագործակցելու է իր ազգական, «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ։ Փարսյանն ու Հարությունյանը զարմիկներ են։

Տեղեկությունը մեզ հետ զրույցում պաշտոնապես չհերքեց նաեւ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որ գլխավորում է «Շանթ դաշինք» կուսակցությունը, ու, ըստ երեւույթին, հենց այդ ուժի ցուցակում էլ ներառված կլինի Գեւորգ Փարսյանը։

«Կապան քաղաքի ընտրությունների հետ կապված ավելի ուշ ու ավելի հանգամանալից հայտարարությամբ հանդես կգանք։ Այս պահի դրությամբ տեղեկություն տարածել ենք միայն Տաթեւ համայնքի մասով։ Հիմա տարբեր քննարկումներ են տեղի ունենում, այդ մասով հետագայում կխոսենք»,- ասաց Շահեն Հարությունյանը։

«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ Փարսյանի հետ համագործակցել կամ ընտրություններին նրան սատարել ցանկացել է «Հայաստան» դաշինքը, բայց հաշվի առնելով, թե ինչ ուժի հետ է Կապանի քաղաքապետն ընտրությունների գնում, համագործակցության մասին խոսակցությունները դադարել են։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, սյունիքյան «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, որ Փարսյանի հետ այդ առնչությամբ անգամ խոսակցություն չի ունեցել։

«Դա իր որոշումն է, թե ում հետ է գնում ընտրությունների, ու կտեսնենք՝ նա այդ դաշինքով կարողանալու է անցնել, թե ոչ։ Շատ ավելի կարեւոր հարցերով էինք զբաղված, քան Փարսյանի հետ ընդհանուր եզրահանգման գալը։ Կրկնում եմ՝ դա նրա ինքնուրույն որոշումն է»,- մեզ հետ զրույցում ընդգծեց սյունեցի պատգամավորը»։

Տեսանյութեր

Լրահոս